ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆՔԵՆԻՆ. ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՍՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՆՈՐ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐ ԿՍՏԵՂԾԻ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բոլորովին անհիմն են այն մեղադրանքները, որոնք հնչում են Արևմուտքում Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակվելու մտադրության մասին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ Բեռլինում ԱԳ նախարարների կողմից անցկացված քննարկումները շահավետ են գործընթացն առաջ մղելու տեսանկյունից և ընդգծել բանակցություններն արագացնելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմաթիի հռչակագրին։
Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը, թե Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և նշել՝ նա ստում է:
Էնթոնի Բլինքենն, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում նախատեսված հանդիպման վերաբերյալ Իլհամ Ալիևի մտահոգություններին, ընդգծել է, որ այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ:
Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, որ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում և նոր բաժանարար գծեր կստեղծի՝ խաղաղություն հաստատելու փոխարեն: