ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Ադրբեջանի սամբոյի հավաքականը չի մասնակցի Երևանում կայանալիք աշխարհի գավաթի մրցաշարին, հայտնել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլաևը։
Մրցույթին մասնակցելուց հրաժարվելու հիմնական պատճառը, ըստ նրա, հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն է:
«Բոլորը գիտեն, թե ինչպես են Հայաստանում նախորդ մրցաշարերում վերաբերվել մեր մարզիկներին: Դա բացասաբար է անդրադառնում նրանց մոտիվացիայի վրա, ինչպես նաև ավելացնում է անվտանգության հետ կապված մտահոգությունները: Հետևապես, ֆեդերացիան որոշել է չմասնակցել աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Երևանում»,- ասել է Աբդուլաևը։
Նրա խոսքով` հավաքականի հիմնանպատակը մայիսին Սերբիայում կայանալիք սամբոյի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելն է:
«Մենք ուսումնամարզական հավաքների ենք սպասում: Մեր թիմն այս պահին կենտրոնացած է դրա վրա»,- ասել է նա։
Հայաստանի մայրաքաղաքում սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարը տեղի կունենա ապրիլի 4-ից 5-ը:


Читайте также

Оставить комментарий