ԵՎՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՈՒՄ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԸ

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան խստորեն դատապարտում է Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ մի անձնավորություն հրկիզեց Ադրբեջանի դրոշը, ասված է ֆեդերացիայի հայտարարությունում:
Ֆեդերացիան «այս ծայրաստիճան լուրջ և ցավալի ժեստը համարում է հարձակում մարզական արժեքների անձեռնմխելիության և Արդար խաղի համընդհանուր սկզբունքների դեմ»:
«Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան անմիջապես արձագանքեց այս միջադեպին` հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը Կազմկոմիտեի նկատմամբ և խնդրելով լրացուցիչ երաշխիքներ այս մրցաշարի բոլոր մասնակիցների անվտանգության համար: Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան մշտապես գտնվել է Ադրբեջանի Հանրապետության պատվիրակության հետ՝ իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին», - ասված է հայտարարությունում:
Միաժամանակ, ֆեդերացիան համարում է, որ «այս միջադեպը մեկուսացված է, և կհետևի Կազմկոմիտեից հրատապ պահանջվող լրացուցիչ միջոցառումների իրականացմանը»:
Ափսոսանք հայտնելով, որ Ադրբեջանի պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցույթը, ֆեդերացիան միաժամանակ նշում է, որ հարգում է այն։ «Մենք անմիջականորեն ներգրավված էինք պատվիրակության անվտանգության բոլոր պայմանների ապահովման գործում, մինչև այն հեռացավ Հայաստանից», - ասված է հայտարարությունում:
Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան նաև դիտարկում է տեղի ունեցածի համատեքստում լրացուցիչ միջոցներ ընդունելու հնարավորությունը։
Ֆեդերացիան խոստանում է մասնակցել այս առաջնության շրջանակում անցկացվող բոլոր միջոցառումներին «մինչև պատվիրակությունների մեկնումը, որպեսզի ապահովվի թիմերի անվտանգության բոլոր պայմանների պահպանումը»:
«Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան համերաշխ է մնում Ադրբեջանի հավաքականի և ֆեդերացիայի հետ ու հասանելի է ցանկացած աջակցության համար, որը պահանջվում է սպորտի և Արդար խաղի ոգով», - ասված է հայտարարությունում:


Читайте также

Оставить комментарий