ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԿԼՔԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Բաքուն պնդում է, թե նրանց անվտանգությունն ապահովված չէ:
Ադրբեջանցի մարզիկները չեն շարունակի մասնակցությունը Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը և կվերադառնան հայրենիք: Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունը և Ազգային օլիմպիական կոմիտեն՝ որոշումը պայմանավորելով առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու ակցիայով:
Կատարվածը երկու գերատեսչությունները գնահատում են որպես բարբարոսական ակտ, պնդում, որ այն Հայաստանում էթնիկ ատելության, ռասիզմի, այլատյացության, ադրբեջանատյացության դրսևորում է ու հակասում է սպորտի ազնիվ սկզբունքներին ու նպատակներին:
Հայտարարելով, որ նման պայմաններում ադրբեջանցի մարզիկների անվտանգությունն ապահովված չէ, և առաջնությանը նրանց նորմալ մասնակցությունն անհնար է, Բաքուն հայտնում է նրանց վերադարձի որոշման մասին ու ընդգծում, որ Երևանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը:


Читайте также

Оставить комментарий