ԷԼՉԻՆ ԱՄԻՐԲԵԿՈՎ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՄԻՋՈՑ

Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և խաղաղության ամրապնդման կարևոր միջոց։
Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումների ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Նա ընդգծել է, որ զուտ տնտեսական օգուտներից բացի, հետկոնֆլիկտային պայմաններում երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը կարող է նաև վստահության ամրապնդման կարևոր միջոցի դեր խաղալ և դառնալ խաղաղության կառուցման արդյունավետ գործիք:
«Դրա վառ օրինակն է Զանգեզուրի միջանցքի նախագիծը, որը կարող է ոչ միայն ուղիղ տրանսպորտային կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլև վերջ դնել տարածաշրջանում Հայաստանի տնտեսական մեկուսացմանը։
Բացի այդ, այս նախագծի իրականացումը օգուտ կբերի և լիովին համապատասխանում է տարածաշրջանի այլ երկրների՝ առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերին։
Ընդ որում՝ Զանգեզուրի միջանցքը կարող է այլընտրանքային երթուղի դառնալ արդեն գործող Անդրկասպյան միջազգային միջին միջանցքին (Trans-Caspian International Middle Corridor), որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջոցով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով», - ընդգծել է նախագահի ներկայացուցիչը։


Читайте также

Оставить комментарий