ՇԱՌԼ ՄԻՇԵԼ. ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 1991Թ. ԱԼՄԱԹԻԻ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ (29,800 ԿՄ2) ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ (86,600 ԿՄ2) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Մարդասիրական հարցերի շուրջ ըմբռնում է ձեռք բերվել, որ ավելի շատ կալանավորված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Այս մասին նշվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում։
«Ես նաև ընդգծեցի փոխըմբռնումը պաշտպանելու անհրաժեշտությունը, որ այն զինվորները, որոնք պարզապես մոլորվել ու մյուս կողմ են անցել, կշարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով։ Մենք քննարկել ենք նաև անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման կարևորությունը»,- ասված է Միշելի խոսքում։
Միշելն ասել է, ղեկավարները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը: Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով.
Միշելը նաև ասել է, որ «մենք շարունակեցինք մեր մտքերի փոխանակումները նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ»։
«Ես խրախուսեցի Ադրբեջանին ներգրավվել դրական օրակարգի մշակման մեջ՝ նպատակ ունենալով երաշխավորել այս բնակչության իրավունքները և անվտանգությունը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ։ Ես բարձրաձայնեցի նաև Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտության մասին»։
«Կարծում եմ, որ կարևոր է զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից, բարեխղճորեն ներգրավվել և առաջնորդություն ցուցաբերել՝ փոխընդունելի լուծումների հասնելու համար։
ԵՄ-ն քողարկված օրակարգ չունի։ Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ և արդար խաղաղության։ Մենք պատրաստ ենք նպաստել նրանց համատեղ ջանքերին։ Մենք պայմանավորվել ենք բրյուսելյան հանդիպումներն անցկացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Առաջնորդները կրկին կհանդիպեն Բրյուսելում հուլիսին։ Եվ ինչպես արդեն հրապարակայնորեն հայտարարվել էր, մենք նույնպես շատ մոտ ապագայում կրկին կհանդիպենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Ես նաև մտադիր եմ առաջնորդներին հրավիրել ևս մեկ նման հանդիպման՝ հոկտեմբերին Գրանադայում կայանալիք ԵՔՀ երրորդ գագաթնաժողովի շրջանակներում»,- ասել է Շառլ Միշելը:


Читайте также

Оставить комментарий