Արտյոմ Խաչատրյան. «Երբ գառը վազում է գայլի մոտ…»
ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-որ իմաստ ու նպատակ կա: Ո՞րն է դրա իմաստը: Ի՞նչ ունեն իրար հետ քննարկելու աշխարհի թիվ մեկ գերտերության և Հայաստանի կարգի երկրի ղեկավարները, այն էլ այն դեպքում, երբ Հայաստանն իր բոլոր աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական ու տնտեսական հարցերը լուծում է իր դաշնակցի հետ, որն այս պահի դրությամբ թշնամի է Միացյալ Նահանգներին: Փաշինյան Նիկոլի մունետիկները մեզ կարող են ասել, թե՝ մեզ անհրաժեշտ են տնտեսական կապեր, հարաբերություններ ամերիկացիների հետ: Բայց փորձը ցույց է տալիս, որ դրանց հետ հարաբերվելիս այդ ոլորտում մենք ունեցանք մի տնաքանդ արդյունք` Ամուլսար: Սա է ամերիկացիների խերը, սա է նրանց 420 միլիոն դոլարի ներդրման հետևանքը: Իսկ հիմա ուզում ենք դրանց հետ խորացնել տնտեսական հարաբերությունները, որ վաղն էլ Սևանի ջուրը քաշեն տանե՞ն, քանի դեռ Ամուլսարը այն չի փչացրել: Այսքանն այդ հանդիպման իմաստի, այսինքն` մեզ համար անիմաստության մասին:
Հիմա տեսնենք, թե ինչ նպատակ կա այդ հանդիպման մեջ: Ամերիկացիների նպատակը հստակ է, դրան նրանք հետևում են 1991-ից ի վեր, այն է` ամեն գնով սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ` Հայաստանը Ռուսաստանից վերջնականապես պոկելու համար: Այդ արդյունքին հասնելու գործում ամերիկացիներն է՛լ «Արևելյան գործընկերություն» հնարեցին, է՛լ մեր քաղաքացիական հասարակությունը վարակեցին ռուսատյացությամբ՝ լափեցնելով սաքունցներին ու խզմալյաններին, բայց երևելի արդյունքի չհասան: Այժմ նրանց աջակցությամբ Փաշինյան Նիկոլն է Հայաստանի ղեկին: Ամերիկյան դեսպանը հիացած է նրանով՝ բացի Ամուլսարի թեմայից, բայց Փաշինյանն այլ հարցերում է իրեն արդարացնում: Օրինակ, ՀԱՊԿ ղեկավարի քրեական հետապնդումը (դա նույնն է, թե Նորվեգիայում ձերբակալեն Սթոլթենբերգին` ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին, մեկը պատկերացնո՞ւմ է նման բան և ամերիկյան արձագանքը դրան), Քոչարյանի կալանավորումը, որին պրն Միլզն անգամ քաղբանտարկյալ չի ուզում ճանաչել: Ինչևէ, նպատակն էլ է պարզ, այլ կարծիք այստեղ լինել չի կարող:
Իհարկե, Թրամփը կկանչի Փաշինյան Նիկոլին Սպիտակ տուն, սա էլ իրեն լավ կզգա: Բայց սա ողբալի և միաժամանակ զավեշտալի հանդիպում կլինի, որին բոլորից շատ ձգտում է զոհը` Հայաստանը: Քանզի սա հանդիպում է գառան ու գայլի միջև, քանի որ Ռուսաստանից հեռանալը Հայաստանի համար նշանակում է հենց այդ երկու կենդանիների հանդիպման տրամաբանական ավարտ...