Ծառուկ Սարգսյան. «Նիկոլ Փաշինյանի արքայական շքախումբը»
Նոր կառավարության որևէ ձեռքբերման մասին նույնիսկ այդ կառավարության անդամները չեն համարձակվում խոսել: Ասում են՝ դեռ վաղ է, մի քիչ էլ ժամանակ տվեք, թեև արդեն մոտ երկու ամիս է անցել այն օրից, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Այս երկու ամիսների ընթացքում հանրությունը պարբերաբար լսել է երկու բանի մասին՝ ինչպես են մարդկանց բերման ենթարկում և ինչպես են նոր նշանակումներ կատարում:
Ի դեպ, վերջինի հարցում ձեռքբերումներն իրոք աննախադեպ են: Ազատման և նշանակման հրամանների ծավալները յուրաքանչյուր օր կազմում են մի քանի էջ: Եվ այստեղ էլ առաջնությունը պատկանում է վարչապետին: Բանն այն է, որ վերջինս շատ նախանձախնդիր է իր շրջապատը բազմամարդ դարձնելու հարցում: Վերցնենք ընդամենը մի փաստ: Այս պահին վարչապետն արդեն ունի 11 խորհրդական, այդ թվում՝ գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, 3 խորհրդականներ՝ Արսեն Խառատյանը, Ջեմմա Հակոբյանը ու Սրբուհի Ղազարյանը, Ֆելիքս Թադևոսյանը ու ևս 6 հոգի Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տալիս հասարակական հիմունքներով՝ Արտակ Մանուկյանը, Գրիգոր Մուրադյանը, Մեսրոպ Պապիկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարազդատ Կարապետյանը: Եթե սրանց էլ գումարենք Նիկոլի օգնականներին, օգնականների օգնականներին, ռեֆերենտներին ու սպասարկող անձնակազմը, ապա միայն նրա անձի շուրջ պտույտներ գործողները մի մեծ բանակ կկազմեն: Իսկ եթե նաև նկատենք, որ առաջիկայում նույնպես հնարավոր են նոր խորհրդականների ավելացումներ, ապա պատկերը շատ ավելի տպավորիչ կարող է դառնալ:
Նման առատությունը զարմանալի է երկու պատճառով: Նախ, նոր իշխանություններն իրենց մուտքի օրերին վստահեցնում էին, թե պիտի պայքար ծավալեն ամեն տեսակ ուռճացված, չհիմնավորված հաստիքացուցակների և կառույցների դեմ: Ստացվեց հակառակը՝ իրենք են նպաստում այդ անարդյունավետ շռայլումներին ու պարապների հավաքածուների ձևավորմանը: Եվ հետո, տարօրինակ է, թե Նիկոլի ինչին է պետք այսքան խորհրդական, երբ նա իրականում որևէ մեկի խորհրդի կարիքը չունի և իր բոլոր որոշումները կայացնում է միանձնյա: Ստացվում է, որ նա ընդամենը առերևույթ տպավորություն է ուզում ստեղծել, թե իբր հաշվի է նստում մյուսների կարծիքների և դիրքորոշման հետ: Բայց ընդամենը իր համար արքայական շքախումբ է ձևավորում: