Արամ Ամատունի. «Ում էր մոլորեցնում Սերժ Սարգսյանը»
ՀՀԿ 16-րդ համագումարը արժանացավ հանրության բուռն քննարկումների, հեգնանքի, անգամ ծաղրի: Տպավորություն էր, թե Հայաստանի հանրությունը նոր ճանաչեց ՀՀԿ-ին, «հայտնագործեց» այդ կուսակցությունը, դրա նմանությունը ԽՄԿԿ-ին, տեղեկացավ այդ կուսակցության գոյության և գործունեության մանրամասներին, կերպին, ոճին, բնույթին:
Մինչդեռ ՀՀԿ 16-րդ համագումարում այդ կուսակցությունը ներկայացավ ընդամենը այնպես, ինչպես եղել է Հայաստանում իր գրեթե բացարձակ իշխանության մոտ 20 տարիների ընթացքում: ՀՀԿ-ն ամբողջատիրական համակարգերին բնորոշ «դասական» իշխող կուսակցություն է, որը միավորում է բոլոր կարիերիստներին, նյութապաշտներին, հանրային և պետական ռեսուրսների հաշվին անձնական հարստություն կառուցելու պատրաստ երեսպաշտներին, օրենքի հետ տարբեր մասշտաբի խնդիրներ ունեցող և պատասխանատվությունից խուսափել ձգտող տարրերին: Այդ ամենը կառուցվում է բուրգի տեսքով, որի տարբեր աստիճանների վրա անվտանգության տարբեր կարգի և բնույթի երաշխիքներն են՝ ընդհուպ մինչև բուրգի գագաթ: Գագաթի հանդեպ վերաբերմունքը կախված է երաշխիքային համակարգի կայունությունից և կանոնավորությունից:
ՀՀԿ 16-րդ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթի «առանցքն» այդ կանոնավորության մասին հավաստիացումն էր, որ անվտանգության երաշխիքների բրգաձև մեխանիզմը, չնայած որոշակի տրանսֆորմացիոն գործընթացներին, շարունակում է իր կանոնավոր կենսագործունեությունը:
Հավատացի՞ն ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ: Դա հարց է, որը պարզելը գործնականում անհնար է, քանի որ անհնար է իմանալ, թե ինչ է կատարվում նրանց մտքերում: Նրանք տեսնում են, որ չնայած Սարգսյանի հավաստիացումներին՝ այդուհանդերձ, տեղի են ունենում բաներ, որոնք դուրս են սովորական կենսագործունեության ռիթմից և նաև բնույթից: Հանրությունը դրանք բնորոշում է հիմնականում որպես թատրոն, ձևականություն, քարոզչություն, նախընտրական մարտավարություն:
Բայց չէ՞ որ կա մի պարզ հանգամանք` իշխանությունը չի անի մի բան, եթե չի զգացել դրա խիստ անհրաժեշտությունը: Եվ եթե իշխանությունն անգամ ձևացնում է, ուրեմն հարց է առաջ գալիս, թե ինչից է առաջացել այդ ձևականության անհրաժեշտությունը: Եվ եթե հանրությունն իր համար այդ հարցը համարում է ավելորդ, ապա ՀՀԿ-ականների համար այն ավելորդ չէ, նրանք չափազանց լուրջ են վերաբերվում ամենափոքր կադրային փոփոխությանն ու տնտեսական տեղաշարժին անգամ:
Օրինակ՝ եթե Կարեն Կարապետյանը ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանին հորդորում է հանգիստ թողնել գարեջրի շուկան և զբաղվել առաջին անհրաժեշտության ապրանքային շուկաներով, հանրության համար դա գուցե թատրոն է կամ ոչ այդքան էական ձևականություն, բայց իշխող համակարգի համար դա լուրջ ուսումնասիրության և հետաքրքրության նյութ է: Ահա այդ տեսանկյունից էլ կարևոր է՝ հավատա՞ց ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ: ՀՀԿ որ մասը հավատաց, իսկ որ մասը՝ ոչ, ինչպե՞ս է արտահայտվելու թերահավատությունը:
Реклама 29
Ի վերջո՝ եթե հանրության համար սովորական ամբողջատիրական երևույթ է մեկ օրում ՀՀԿ-ին 7 հազար մարդու անդամակցումը, որն, ինչպես ասում են, կատարվում է «Գազպրոմ Արմենիայի» հաշվին, ապա ՀՀԿ-ականների համար դա ևս ուսումնասիրության առարկա է, թե ինչո՞ւ է առաջացել 7000 հավելյալ անդամի անհրաժեշտություն, այն էլ մի համակարգից, որը կարծես թե առանց այդ էլ դե ֆակտո իշխանական վերահսկողության ներքո էր, և կարծես թե չկար այդ համակարգի կազմը վարչական առումով վերահսկելու լուրջ խնդիր:
Ուրեմն ինչո՞ւ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցեց ոչ միայն իր մի քանի նախարարներով, այլ նաև 7000 գազպրոմցիներով: Կհնչի տարօրինակ, բայց դա հասարակության համար խնդիր չէ՝ 7000-ով ավելի, 7000-ով պակաս, հասարակության համար ՀՀԿ-ն մի խնդիր է, որ շարունակում է մնալ, քանի դեռ իշխանության է: Իսկ ահա 7000 ավելի կամ պակասը կարող է խնդիր դառնալ ՀՀԿ ցանկացած առանցքային ֆիգուրի համար:
Եվ այդ իմաստով ՀՀԿ 16-րդ համագումարը կարող էր լինել իսկապես բացառիկ՝ այն առումով, որ հանրությունից բացի, Սերժ Սարգսյանի ելույթը կարող էր ունենալ նաև ՀՀԿ առնվազն մի շարք էական շրջանակներին մոլորեցնելու նպատակ: Եթե չասենք, որ հենց միայն ՀՀԿ-ականներին մոլորեցնելու, քանի որ Սերժ Սարգսյանն անկասկած համարժեք է առկա իրողություններին և լավ կպատկերացնի, որ հանրության համար նրա խոսքերը վաղուց արդեն չեն հանդիսանում որևէ կողմնորոշիչ: