Կառավարումն իրականացվում է քրեաօլիգարխիկ բարքերի գերակայությամբ

irevanaz.comՀայտնի է դարձել, որ հոկտեմբերին Նյու Յորքում կազմակերպվում է խոշոր ներդրումային ֆորում, որտեղ կքննարկվեն Հայաստանի ներդրումային հեռանկարները: Ֆորումի կազմակերպիչներից են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Ֆորումում ելույթ կունենան կառավարության, Ասիական բանկի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, որոնք ծրագրեր են անցկացնում Հայաստանում: Նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի մասնակցությունն ու ելույթը:
Ի՞նչ ակնկալիքներ կան ֆորումից, ինչքա՞ն ներդրումային ծրագրեր կարող են ծնվել այդ ֆորումից՝ շատ դժվար է ասել: Ինքնին փաստը, որ Նյու Յորքում տեղի է ունենալու նման ֆորում, գրավիչ է, խոստումնալից, իսկապես հնչում է:
Մյուս կողմից, սակայն, բոլորովին հնչեղ չէ հայաստանյան իրականությունը: Իսկ դա շատ մեծ նշանակություն ունի ֆորումից ունենալիք ակնկալիքների մասով: Վերջին հաշվով, նմանօրինակ հնչեղ ֆորումներ կազմակերպելը ներկայումս այնքան էլ բարդ գործ չէ, բարդ է այդ ֆորումները վերածել գործնական արդյունքի: Որովհետև եթե Հայաստանի համար կազմակերպված բոլոր միջազգային ֆորումների, տարատեսակ համաժողովների, ներդրումային քննարկումների գեթ 25 տոկոսն անգամ գործնական ծրագրերով և քայլերի տեսքով կյանքի կոչված լիներ, ապա Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում կունենար բոլորովին այլ սոցիալ-տնտեսական և քաղաքական պատկեր, քան այն, ինչ կա այժմ: Եվ Հայաստանի այն պատկերը, որ կա անցնող 25 տարիների հանրագումարում, ներկայումս այնքան էլ լուսավոր չի դարձնում ներդրումային նման համաժողովների գործնական արդյունքի հեռանկարները:
Հայաստանի ներքին կառավարումն իրականացվում է քրեաօլիգարխիկ բարքերի գերակայությամբ, ինչը որևէ կերպ չի կարող համադրվել համաշխարհային ներդրումային պոտենցիալի հետ: Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացվում է համաշխարհային գործընթացներին ու վեկտորներին հակառակ, քամուն հակառակ, ինչը ևս որևէ կերպ չի կարող վստահություն ներշնչել միջազգային ներդրողներին: Եվ այս առումով, Նյու Յորքի համաժողովին ընդառաջ, թերևս արժե հիշել Հայաստանի համար դոնորների հավաքի պատմությունը: Հավաքը, որ պետք է լիներ Հայաստանի Եվրաասոցացման գործընթացի բարեհաջող շարունակությունն ու ըստ էության նյութականացումը, տեղի չունեցավ, քանի որ Հայաստանը, ավարտելով բանակցությունը, այդուհանդերձ չստորագրեց այդ փաստաթուղթը, այլ կտրուկ շրջվեց դեպի Մաքսային կամ Եվրասիական միություն: Մինչդեռ, տարբեր հաշվարկներով, դոնորների հավաքը Հայաստանի համար կարող էր ապահովել 1 միլիարդ դոլարից մինչև մեկուկես միլիարդ կապիտալ, որն իհարկե միանգամից չէր հոսի Հայաստան, սակայն Հայաստանի համար կլիներ տնտեսական զարգացման կայուն աղբյուր, որոշակի մեկնարկ, Հայաստանի տնտեսության «ոռոգման որոշակի» համակարգ, որը փուլ առ փուլ կնպաստեր զարգացմանը՝ բարեփոխումներին զուգահեռ:
Դոնորների հավաքը, սակայն, տեղի չունեցավ, իսկ միջազգային շարունակվող ֆինանսական օժանդակությունը Հայաստանի համար այնքան է, որը ոչ թե զարգացման, այլ ընդամենը գոյատևման և փոքր-ինչ կայունության հարց է լուծում: Ինչ հարցեր է լուծելու Նյու Յորքի համաժողովը, ի՞նչ նպատակներ, հնչեղ խնդիրներ ու ծրագրեր են առաջ քաշվելու դրան ընդառաջ:
Բանն այն է, որ այդ ամենի կոնկրետությունից է կախված, թե Հայաստանի իշխանությունը ինչպիսի կոնկրետ պատասխանատվություն է ստանձնելու որևէ ներդրումային հեռանկարի համար: Որովհետև, եթե դրանք չկան, Նյու Յորքի համաժողովի նպատակը դառնում է չափազանց պարզ՝ լուծել նախընտրական խնդիրներ և ապահովել գոնե մի փոքր ֆինանսական ներարկումներ՝ այսպես ասած, բեռն ընդամենը իշխող համակարգի ուսերին չթողնելու համար: Կստացվի՝ լավ, չի՞ ստացվի՝ համակարգը, միևնույն է, ոչինչ չի կորցնում:



Читайте также

Оставить комментарий