ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ՄՈՏ Է. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հույս ունեմ, որ այսօրվա զեկույցի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել և ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուրախ եմ արձանագրել, որ մենք նաև մեր խորհրդակցություններն ենք շարունակում Ադրբեջանի հետ, որպեսզի այս պատմական հնարավորությունը բաց չթողնվի, և թույլ տվեք արտահայտեմ իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի, որովհետև, իհարկե, ոչ առանց դժվարությունների, բայց մենք շարժվում ենք առաջ: Այն փաստը, որ մենք այս միջավայրում՝ միջազգային և տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում, կարողացանք ավարտին հասցնել, փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, հաջողությամբ փակել, այսինքն ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա իհարկե, շատ կարևոր և շատ մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն»,- ասել է վարչապետը:
