Ռուսները կցնցե՞ն Հայաստանը
Հայկական մամուլում զուգահեռաբար երկու հետաքրքրական թեմաներ սկսեցին զբաղեցնել առաջնային դիրքերը՝ գազի գնի եւ Ռուսաստանից նոր պարտք վերցնելու հարցերը: Հայաստանի էներգետիկայի նախարարությունը հաստատեց, որ Հայաստանը Գազպրոմի հետ բանակցում է Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ: Որեւէ պետական կառույց դեռեւս չի հաստատել կամ հերքել Ռուսաստանից նոր պարտք վերցնելու շուրջ բանակցության մասին տեղեկատվությունը: Այդ տեղեկատվության համաձայն, Հայաստանը փորձում է Ռուսաստանից ստանալ 800 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար վարկ:
Գազի խնդիրը հերթական անգամ գտնվում է քաղաքական հարթության վրա, եւ գազի գինը հերթական անգամ դառնում է հայ-ռուսական քաղաքական օրակարգի կարեւոր գործիք կամ լծակ, որ կիրառում է Ռուսաստանը Հայաստանի դեմ:
Ընդ որում, այդ լծակը ներկայում չափազանց հարմար պահի է կիրառվում: Ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանին անհանգստացնում է Հայաստանի ջերմ հարաբերությունն Արեւմուտքի հետ: Բանն այն է, որ Հայաստանը գնում է նախագահի ընտրության, եւ իշխանությունը շատ բան կտա, եթե ոչ ամեն ինչ, որպեսզի գազի գինը չթանկանա, քանի որ դրա մուլտիպլիկատիվ “էֆեկտը” շատ ծանր կլինի թե տնտեսության, թե քաղաքացիների սոցիալական վիճակի համար, առավել եւս,որ նախագահի ընտրությունն էլ ձմռան ամսին է՝ փետրվարին:
Այդ տեսանկյունից, թերեւս պատահական չէ տեղեկատվական հոսքում 1 միլիարդ վարկի մասին տեղեկությունը, որ տարածվում է գազի գնի մասին տեղեկությանը զուգահեռ: Եվ հետաքրքրական է, որ գազի մասին պաշտոնական հաստատում կա, իսկ վարկի մասին տեղեկությունն էլ պաշտոնապես առնվազն չի հերքվում:
Խնդիրն այն է, որ Ռուսաստանը կարծես թե մի հարվածով փորձում է երկու նապաստակ խփել: Մոսկվան բարձրացնում է գազի գինը, փոխարենը թերեւս Հայաստանին առաջարկում այդ գինը սուբիսդավորել կամ գնաճի ծանրությունը մեղմել նոր վարկով:
Հայաստանը գուցե հույս ուներ դա անել արեւմտյան դոնորների միջոցով, բայց դոնորների նախատեսվող հավաքը հետաձգվեց: Երեւանի պաշտոնական բացատրությունն այն էր, թե նախ երբեք էլ հաստատ որոշված չի եղել, որ այդպիսի համաժողով կլինի՝ այլ ընդամենը եղել են նախնական քննարկումներ դրա վերաբերյալ, եւ բացի այդ էլ դա լուրջ միջոցառում է եւ հետաձգվել է ավելի լավ նախապատրաստելու համար, որպեսզի լինի առավել արդյունավետ:
Եվրոպական տեսակետը այն էր, որ դոնորների համաժողով Հայաստանը “կստանա” նախագահի ընտրությունից հետո, եթե առավել բարելավի ընտրական մեխանիզմը, եթե պայքարի կոռուպցիայի դեմ եւ ակտիվացնի ջանքը Ղարաբաղի հարցում:
Ըստ երեւույթին, Ռուսաստանը որսում է պահը եւ “զարկում” երկու նապաստակ՝ ճնշում գազի գնով, իսկ դրա հիմքով էլ փորձում Հայաստանը առավել երկարատեւ կախվածության մեջ գցել բավական զգալի պարտքով՝ մոտ 1 միլիարդ դոլար:
Հայաստանի իշխանությունը կարծես թե այլ ելք չունի, որովհետեւ այլ ելքի մասին պետք էր մտածել շատ ավելի շուտ: Խոսքը ոչ թե ֆինանսավորման, գազի գնի սուբսիդավորման նոր այլ աղբյուրի, այլ պարզապես տնտեսական արդիականացման մասին է, որի շնորհիվ Հայաստանը կարող էր տնտեսությունը քիչ թե շատ դիմադրունակ դարձնել նաեւ գազի գնային ճնշումների հանդեպ:
Հայաստանն այդ մասին պետք է մտածեր տարիներ առաջ, բայց Հայաստանում տարիներ առաջ ոչ թե տնտեսությունն էին նախապատրաստում, արդիականացնում, որպեսզի դիմագրավեն նաեւ գազային ճնշումներին, այլ նույն կերպ ընդամենն ունեցած-չունեցածն էին վաճառում, գազի թանկացումը նախընտրական նպատակներով փոխհատուցելու համար:
Օրինակը 2006 թվականն է, երբ ռուսներին վաճառվեց Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ էներգաբլոկը, որով հետագայում եռամյա ժամկետով սուբսիդավորվեց թե բնակչությանը մատակարարվող գազը, թե բիզնեսին մատակարարվող գազը: Ընդ որում, ամենից մեծ սուբիսդիա ստացան երկու օլիգարխների՝ Գագիկ Ծառուկյանի եւ Միխայիլ Բաղդասարովի ձեռնարկությունները: Ի դեպ, Ծառուկյանը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի, իսկ Բաղդասարովն էլ՝ Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ:
Առաջին հայացքից Հայաստանը հիանալի գործարք էր կնքել Ռուսաստանի հետ, երեք տարի շարունակ բնակչությանն ու բիզնեսին ապահովելով գազի թանկացումից: Բայց, այդ առաջին հայացքը պետք էր ամրապնդել այդ երեք տարիների ընթացքում համակարգային բարեփոխումների, տնտեսության արդիականացման, դիվերսիֆիկացման, տնտեսության մեջ ինովացիոն ճյուղերի ձեւավորման, կամ ամրապնդման քայլերով: Մինչդեռ այդ քայլերի փոխարեն, Հայաստանում 2006-2008 թվականներին ընդամենը իշխանություն էր բաժանվում, վերաբաժանվում, ընդամենը ազդեցությունների պահպանման կամ ձեռք բերման համար ներիշխանական պայքար էր ընթանում, ինչը գրեթե զրոյի հավասարեցրեց գազի եռամյա “հրադադարի” էֆեկտիվությունը:
Հայաստանը կրկին կանգնած է նույն խնդրի առաջ, ու թերեւս կրկին առաջարկվում է նույն տարբերակը՝ գազը թանկացնում են, փոխարենը սուբսիդիա առաջարկում թանկացումը փոխհատուցելու համար: Եվ Հայաստանը կրկին չունի այդ առաջարկից հրաժարվելու այլ տարբերակ կամ ռեսուրս, որովհետեւ հակառակ պարագայում Ռուսաստանը կարող է Հայաստանում նախընտրական լուրջ ցնցումներ հրահրել, առավել եւս, որ կարծես թե կարողացել է ձեւավորել դրա համար անհրաժեշտ քաղաքական ուժերի ոչ ֆորմալ մի դաշինք ի դեմս Բարգավաճ Հայաստանի եւ Հայ ազգային կոնգրեսի:
Այդ պայմաններում, կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը չի դիմի ավելորդ ռիսկի եւ սեփական վիճակի ռիսկայնությունը թեկուզ կարճաժամկետ առումով նվազեցնելու համար զերծ չի մնա պետության հեռանկարի եւ ապագայի ռիսկերը բարձրացնելուց:
Հակոբ Բադալյան