ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է COP29 ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթնաժողովին, կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Այս մասին հայտնում է The National-ն։
Հիքմեթ Հաջիևը լրագրողներին հայտնել է, որ հրավեր է ուղարկվել Երևան։
Հրավերը ուղարկվել է խաղաղ գործընթացի ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը, որոնց միջև դեռևս չկան պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ:
«Մուխթար Բաբաևը (COP29-ի նախագահ) հրավերի նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկել»,- ասել է Հ. Հաջիևը:
Նա նշել է, որ այս նամակն ուղարկելը, երբ երկու երկրները չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, հանդիսանում է Ադրբեջանի բարի կամքի և ներառական մոտեցման օրինակը։
Հաջիևն ասել է, որ COP29-ը համաշխարհային նախաձեռնություն է, և վճռական բանակցությունները «Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից դուրս են»։
«Հիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի»,- ասել է Հաջիևը։


Читайте также

Оставить комментарий