ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ

Ադրբեջանի դեսպանությունն այսօրվանից վերսկսել է իր գործունեությունը Իրանում՝ նոր հասցեում։
Դեսպանն ու դեսպանատան անձնակազմը վերադարձել են Թեհրան։
Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդում է, որ իրանական կողմը, միջազգային կոնվենցիայի համաձայն, համապատասխան միջոցներ է ձեռնարկել՝ դեսպանության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
Բաքուն տեղեկացնում է, որ աշխատանքներ են տարվում դեսպանատան նոր շենքում հյուպատոսական ծառայությունների կազմակերպման ուղղությամբ։
«Դեսպանատան աշխատանքի վերսկսումը կնպաստի Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների հետագա զարգացմանը, երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը և խնդիրների լուծմանը»,- ասվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։
Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունն անցած տարվա հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։
Հարձակումը, որը Բաքուն անվանել է «ահաբեկչական ակտ», հանգեցրել էր դիվանագիտական հարաբերությունների կտրուկ վատթարացման, Ադրբեջանը տարհանել էր իր դեսպանատան աշխատակիցներին Թեհրանից:


Читайте также

Оставить комментарий