ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԹԵՀՐԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՎԵՐԱԲԱՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ադրբեջանը հայտարարել է, որ Իրանը պարտավոր է ապահովել Թեհրանում ադրբեջանական դեսպանատան անվտանգության աշխատանքի պայմաններ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրապարակած հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանի և Իրանի միջև վերջին ժամանակաշրջանում տեղի են ունեցել շփումներ, այդ թվում՝ ԱԳՆ-ների մակարդակով:
Արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ այս տարվա հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը հարձակման է ենթարկվել, և Բաքվում սպասում են այդ հանցանքի հետաքննության ավարտին:
«Հարձակման հետ առնչություն ունեցող բոլոր կասկածյալները պետք է պատասխանատվության կանչվեն և խստորեն պատժվեն: Ադրբեջանական կողմը պետք է համոզվի, որ Թեհրանը երաշխավորում է դեսպանատան անվտանգ աշխատանքը»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:
2023 թվականի հունվարի 27-ին Կալաշնիկովի ինքնաձիգով զինված մի անձ հարձակվել է դեսպանատան վրա, փոխհրաձգության ընթացքում դեսպանատան պահակախմբի ղեկավար Օրխան Ասքերովը սպանվել է, ևս երկու անձ վիրավորվել է: Հարձակվողին ձերբակալել են և փոխանցել են իրանցի ոստիկաններին:
Բաքուն տեղի ունեցածը գնահատել է որպես ահաբեկչություն և դիվանագետներին դուրս է բերել Թեհրանից:


Читайте также

Оставить комментарий