ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՇԵՇՏՈՒՄ Է՝ «ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ»

«Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն», - Սահմանադրության օրվա առթիվ իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով․ - «Ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան և այդպես է ոչ միայն դե յուրե, այլև 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ նաև դե ֆակտո: Եվ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրությունը»:
Ընդգծելով, թե Հայաստանի քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում, այլ համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում՝ Փաշինյանը շեշտել է՝ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին:
«Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ», - հայտարարել է գործադիրի ղեկավարը:
Շեշտելով, որ անշեղորեն պիտի շարունակել Հայաստանի Հանրապետությունը ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու ճանապարհը՝ Փաշինյանն ասել է՝ սա դժվար, բայց պատվաբեր ճանապարհ է։
Ըստ վարչապետի՝ այսօր Հայաստանը ճիշտ ճանապարհով է ընթանում, սակայն, Փաշինյանի խոսքով, այդ ճանապարհն անցնելու համար պետք է կենտրոնանալ Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու վրա։
«Հայաստանի Հանրապետության պետական շահն ինքնիշխանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստեղծել են որպես գործիք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում իրենց ազատությունը, բարեկեցությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու համար, արդար միջավայր ձևավորելու համար, և մենք չպետք է շեղվենք այս նպատակից», - եզրափակել է գործադիրի ղեկավարը:
Փաշինյանի հունվարի 19-ի հայտարարությունից մոտ տասն օր անց Բաքուն ասաց, թե խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»:


Читайте также

Оставить комментарий