ԳՐԵԹԵ ԱՄԵՆ ՕՐ ԿԱՊ ԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ. ՕՎԵՐՉՈՒԿ

Մոսկվան գրեթե ամենօրյա կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցերով, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, ապահովում է հաղորդակցություն Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների միջև, երկխոսության հարթակ: Ես երբեք չեմ պատասխանում այն հարցին, թե կոնկրետ երբ կլինի ապաշրջափակումը, որքան արագ կամ դանդաղ՝ երբ կողմերը պայմանավորվեն, այդ ժամանակ էլ դա տեղի կունենա»,- ասել է նա։
Օվերչուկը նաև ասել է, որ ինքը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է հարցեր, որոնք չլուծված են մնացել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ Մոսկվայում հանդիպումից հետո։
«Հիմնական աշխատանքը շարունակվում է, մենք գրեթե ամեն օր կապ ենք պահպանում ադրբեջանական և հայկական կողմի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայով, իրականում այդպես է։ Մենք անընդհատ շփվում ենք՝ հեռախոսազանգեր, ֆայլերի փոխանակում։ Աշխատանքը միայն հանդիպումից հանդիպում  չէ, որ արվում է»,- ասել է նա՝ պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետների մասին հարցին։


Читайте также

Оставить комментарий