ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ինքը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, 2022 թ.-ին Պրահայում իր, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի առաջնորդների հանդիպման արդյունքներով ընդունված փաստաթղթի տրամաբանական շարունակությունն է:
Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունը:
Մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքը կազմում է 86,6 հազար քառ. կմ, որը Հայաստանի ղեկավարությունը ճանաչում է, այն ներառում է և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ ադրբեջանական անկլավները:
Զախարովան հիշեցրել է, որ Պրահայում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում հղում է արվել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, ըստ որի նախկին խորհրդային հանրապետությունների միջև վարչական սահմանները ճանաչվում են միջպետական։
«Ինչպես մենք բազմիցս ասել ենք, Պրահայի պայմանավորվածությունները որակապես նոր շրջանակ են տվել Բաքվի և Երևանի բանակցային գործընթացին»,- ասել է Զախարովան։
«Փաշինյանի այս հայտարարությունն, իհարկե, ոչ միանշանակ է ընդունվել Հայաստանում, բայց դա իրենց երկրի ներքին գործն է»,-նշել է նա։


Читайте также

Оставить комментарий