ՌԴ ԱԳՆ․ ԱՅՍՕՐ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՄԵԿՆԱՐԿՆ Է, ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

«Այս ուղղություններով առաջընթացը հնարավորություն կտա էական բարելավում արձանագրել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Նախարարությունը կրկին ընդգծել է՝ ռուսական կողմը հիմնվում է այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև` Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում:
Պաշտոնական Երևանը վերջերս գրավոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ ու սպասում է նույնպես գրավոր պատասխանի։
Ադրբեջանի արտգործնախարարն օրերս հայտարարել է, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները, և իրենք հանդես են գալիս անհապաղ ու առանց նախապայմանների սահմանազատման օգտին։