ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ

Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին։ Այդ մասին, պատասխանելով հայ և ադրբեջանցի լրագրողների հարցերին, ասուլիսում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը։
«Բառացիորեն երեկ ես շփվել եմ Հայաստանի իմ գործընկերոջ հետ, որի մոտ նոր առաջարկներ կան, դրանք մենք կփոխանցենք Բաքվին», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը կողմ է սահմանազատման շուտափույթ աշխատանքներին:
Լավրովի աոսքով, այդ գործընթացը կապ չունի Լեռնային Ղարաբաղի շրջանի ու կարգավորման խնդրի հետ:
«Մենք հանդես ենք գալիս՝ որքան հնարավոր է շուտ ձեռնամուխ լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծմանը։ Դա չի վերաբերում Ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման հարցերին։ Այն զուտ երկկողմ հարց է, որն արդեն գրեթե մեկ տարի մենք առաջակում ենք՝ սկսել մշակումները, դրա համար ստեղծելով սահմանագծման ու սահմանազտման հանձնաժողով», ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Անդրադառնալով  այս գործընթացում Ռուսաստանի դերի մասին, Լավրովն ասել է, թե առաջարկում են այդ հանձնաժողովում խորհրդատու ընդգրկվել՝ հաշվի առնելով ռուսական գլխավոր շտաբում, այլ կառույցներում գոյություն ունեցող քարտեզները, որտեղ արտացոլված են նախկին ԽՍՀՄ ձևավորման տարբեր փուլերն ու միութենական հանրապետությունների միջև վարչական սահմանների փոփոխությունները։
Լավրովը  նշել է, որ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողով ստեղծելու համար կողմերի համապատասխան առաջարկներ կան, ու որպեսզի հաձնաժողովը ստեղծվի, առաջին հերթին պետք է համաձայնեցնել պայմանները, որոնք հիմա քննարկվում են, բայց այնտեղ տարաձայնություններ կան: «Մեր դիրքորոշումը հստակ է՝ պետք է նստել ու արդեն պաշտոնապաես ձևավորված հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր այն հարցերը, որոնք հիմա դեռ մնում են չհամաձայնեցված»։


Читайте также

Оставить комментарий