ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՍԿՍՎԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐ

«Հիմա ինձ համար դժվար է խոսել ժամկետների և տարեթվերի մասին: Բայց հուսով եմ, որ հաջորդ տարվանից ներքին տեղահանվածների առաջին խումբը աստիճանաբար կտեղավորվի ազատագրված տարածքներում», - ասել է Ալիևը՝ պատասխանելով «Նոր հայացք՝ դեպի Հարավային Կովկաս. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային խորհրդաժողովի մասնակիցների հարցին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են հարկադիր տեղահանվածներին հնարավորինս շուտ վերադարձնել Ղարաբաղ: «Սակայն ամենամեծ խնդիրը ականներն են: Հայաստանը մեզ չի տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները, թեև գիտենք, որ նրանք ունեն այդ քարտեզները: Պատերազմից հետո ականի վրա պայթել են մեր ավելի քան 100 զինվորականներ և խաղաղ բնակիչներ, ավելի քան 20 մարդ զոհվել է: Ականապատ դաշտերի քարտեզների բացակայության պատճառով ականազերծումը երկար ժամանակ է պահանջում», - նշել է նախագահը:
Ալիևը նշել է, որ երկրորդ կարևոր հարցը պատճառված վնասի հաշվարկումն է, և այդ աշխատանքը սկսվել է: «Մենք նախատեսում ենք միջազգային դատարաններ հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի: Ուստի մենք փաստագրում ենք բոլոր ավերումները», - ընդգծել է նախագահը:
Երկրի ղեկավարը հավելել է, որ այս տարածքներ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ է ապահովել արժանապատիվ կենսապայմաններ, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Մասնավորապես, արդեն սկսվել են տարածաշրջանում ավտոմայրուղիների և էլեկտրահաղորդման գծերի կառուցման աշխատանքները:
«Ես կցանկանայի նշել, որ Ղարաբաղի էլեկտրաֆիկացման գործընթացը տևելու է առավելագույնը 2 տարի: Անհրաժեշտ է ամեն ինչ ճիշտ պլանավորել, հաստատել քաղաքաշինության նախագծերը, աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ», - նշել է Իլհամ Ալիևը: