Անար Քերիմով. Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարանում
Ադրբեջանը մտադիր է Հայաստանից փոխհատուցում ստանալ Ղարաբաղում պատմամշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման համար, հայտարարել է մշակույթի նախարար Անար Քերիմովը:
«Մենք միջազգային կազմակերպություններին հրավիրում ենք մեր ազատագրված հողեր: Մենք ուզում ենք, որ ողջ աշխարհը տեսնի Հայաստանի գազանությունները: Պետք է փաստագրել այդ երկրի իրագործած բոլոր հանցագործությունները, փորձագետները պետք է այցելեն և գրանցեն բոլոր ավերված շինությունները, որպեսզի մենք հետագայում կարողանանք այդ փաստերը ներկայացնել միջազգային դատարան: Պետք է Հայաստանին պատասխանատվության ենթարկել, որպեսզի նա փոխհատուցում վճարի», - ասել է նախարարը:
Նրա խոսքով, Ղարաբաղի մշակութային և պատմական օբյեկտների ցուցակագրումից հետո կմշակվի դրանց կոնսերվացման և վերականգնման ճանապարհային քարտեզը:
«Այս աշխատանքում մենք ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան մասնագետների կարիքն ունենք: Մենք ծրագրում ենք սկսել Շուշա քաղաքից՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքից: Իհարկե, վերականգնվելու են Աղդամի, Ֆիզուլիի և այլ ազատագրված շրջանների պատմամշակութային հուշարձանները», - ասել է Քերիմովը: