Բազմաթիվ մարդիկ և հատկապես գործարարներ անհամբեր սպասում են այն օրվան, երբ Քոչարյանը կկալանավորվի
Մարտի 1-ի ոճրագործության կազմակերպիչների գործի բացահայտումը իրապես կարող է շարժվել մեռյալ կետից: Հենտաքննություն իրականացնող մարմինը` ՀՔԾ-ն, բավական լուրջ հիմքեր ունի հարցաքննության կանչելու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հիմա երևի քննվում է այն հարցը, թե ինչ կարգավիճակով է հարցաքննվելու Քոչարյանը՝ որպես սովորական վկա՞, թե՞ մեղադրյալ: Իսկ նրան այդ գործով մեղադրանք առաջադրելու համար կան բոլոր բավարար հիմքերը:
Իրավապահ մարմիններին մոտ Առաջին լրատվականի աղբյուրը տեղեկացնում է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանի հարցաքննությունը կարևոր է այնքանով, որ հենց նա էր ղեկավարում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հատուկ միջոցառումը, որին զոհ գնացին ՀՀ 10 քաղաքացիներ, որոնց թվում՝ 8 խաղաղ ցուցարարներ: Եվ ահա, ըստ մեր աղբյուրի, Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից: Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ: Քանի որ Քոչարյանը լինելով նախագահ, միաժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն էր, ներքին զորքերի հրամանատարը չի կարողացել ընդդիմանալ և չկատարել երկրի ղեկավարի արյունոտ հրամանները: Ավելին՝ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում:
Եթե այս տեղեկությունը իսկապես ճիշտ է, ապա հետաքննական մարմինը պետք է մեղադրանք առաջադրի Քոչարյանին և նրան կալանավորելու որոշում կայացնի:
Անցնող 10 տարիների ընթացքում իշխանությունները հետևողականորեն թույլ չէին տալիս Մարտի 1-ի գործի բացահայտումը՝ ոչ կազմակերպիչների և ոչ էլ իրականացնողների մասով, որովհետև դրան մասնակից էին իշխանության տարբեր ներկայացուցիչներ: Նախորդ իշխանությունը իրեն անպատժելի էր զգում՝ համարելով, որ այդ գործը երբևէ չի բացահայտվելու, որովհետև իրենք հավերժ պահպանելու են իշխանությունը:
Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրելու նպատակով ստեղծված Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն ասում է, որ այն ժամանակ իրենք հնարավորություն չունեցան հարցաքննելու Գրիգոր Գրիգորյանին, չնայած ներքին զորքերի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ կանչվել են Փաստահավաք խմբի կողմից և պատասխանել են խմբի անդամների հարցերին: Քոչարյանն ասում է, որ իրենք Գրիգոր Գրիգորյանին ցանկանում էին հարցաքննել հատկապես Տիգրան Աբգարյանի գործով, որին Գրիգորյանը փորձում էր ներկայացնել որպես դիպուկահարի կրակոցից սպանված ցուցարար, որը զինված է եղել, և ոստիկանական ուժերը նրան վնասազերծել են: «Երբ փորձագետները եզրակացություն տվեցին, որ Գրիգորյանի ներկայացրած վարկածը կեղծ է, և Աբգարյանը սպանվել է շատ մոտ տարածությունից արձակված դիմահար կրակոցից, մեզ մոտ ցանկություն առաջացավ հարցաքննել Գրիգորյանին, բայց ցավոք, մենք չհասցրեցինք դա անել Փաստահավաք խմբի լուծարման հետևանքով»,- ասում է Անդրանիկ Քոչարյանը:
Այն ժամանակ Գրիգոր Գրիգորյանը շատ հիմնավոր պատճառներ ուներ պաշտպանելու իշխանությանը, որովհետև ինտեգրված էր իշխանական էլիտային: Նույնիսկ ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը լքելուց հետո նա ԱԺ պատգամավոր էր: Բայց հիմա Գրիգորյանը ընդհանրապես դուրս է մղված իշխանությունից և հիմնավոր պատճառներ ունի պատժելու նրանց ովքեր իր ձեռքերով փորձեցին իշխանությունը և իրենց կուտակած միլիարդները պահել ու բազմապատկել, իսկ ինքը զրկված է ամեն ինչից:
Հիմա առավել քան հասկանալի է Ռոբերտ Քոչարյանի անհանգստությունը Հայաստանում թավշյա հեղափոխության հաջողությունից: Քոչարյանն ասում էր, թե իշխանությունը ճամպրուկ չի, որ վերցնես ու տաս որևէ մեկին: Իսկապես շատ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ իշխանությունը որպես ճամպրուկ հանձնվել է մեկին, ով յուրային չլինելով՝ կարող է բացել ճամպրուկը, իսկ որպես հետևանք շատ երկար ժամանակով կամ գուցե ընդմիշտ սահմանափակել քո ազատությունները և հատկապես ազատ տեղաշարժի իրավունքը:
Բազմաթիվ մարդիկ և հատկապես գործարարներ անհամբեր սպասում են այն օրվան, երբ Քոչարյանը կկալանավորվի, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մի հետաքրքիր պատմություն ունի իրենից խլված սեփականության կամ բիզնեսի մասին, համոզված է Առաջին լրատվականը: