Հրեշավոր ֆաշիզմ, ֆանատիզմ. Էթնոքրեական ժանտախտի վտանգը

irevanaz.comՍերժ Սարգսյանի համագումարյան ելույթի քննարկումներում և դիտարկումներում կարծես թե այնքան էլ զգալի տեղ չի գրավում այդ ելույթի թե՛ բուն բովանդակության, թե՛ պարզապես էներգետիկ համատեքստում նկատվող թերևս բավական կարևոր մի իրողություն: Խոսքն այն մասին է, որ Սարգսյանի ելույթը լեցուն էր, գրեթե լիովին կառուցված էր ՀՀԿ բացառիկության սկզբունքով: Ընդ որում, խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը, սկսած 2008 թվականից, իր հրապարակային ելույթներում այդ գիծը հետևողականորեն առաջ է տանում:
Սա իսկապես մտահոգիչ է, մտահոգիչ է այն իմաստով, որ քաղաքական ուժը բացարձակապես տեղ չի թողնում քաղաքացիական ընտրության համար: Այսինքն՝ չկա բացարձակ որևէ կասկած, որ ընտրողը կարող է և ձայն չտալ ՀՀԿ-ին, որ ընտրողը կարող է և չհավատալ ՀՀԿ-ին, որ գուցե հարկ կլինի շատ ջանք թափել ընտրողին համոզելու համար: Սերժ Սարգսյանն իր ելույթներում բացարձակապես չի կասկածում ՀՀԿ բացառիկությանը, փաստացի չի ճանաչում այդ կասկածներն ունենալու քաղաքացիների իրավունքը, հնարավորությունը:
Նախօրեին համացանցային քննարկումներում և լրատվամիջոցներում Սերժ Սարգսյանի ելույթն արժանացավ հեգնանքի, հաճախ նաև՝ ծաղրի, իհարկե՝ նաև լուրջ վերլուծությունների և դիտարկումների, բայց կարծես թե այդ ամենակարևոր հանգամանքը՝ բացառիկության հասարակական պատվաստանյութի հետևողական ներարկումը անցած տարիներից մինչև այսօր, դուրս է մնում Սարգսյանի ելույթին ուղղված հայացքների ուշադրությունից կամ էլ բավարար ուշադրության չի արժանանում: Մինչդեռ այդ մոտեցումները պարունակում են իսկապես լրջագույն վտանգներ, որոնք արդեն գրեթե ընդհանուր եզրեր են գտնում ֆաշիզմի հետ:
Այդ ամենն առայժմ համեմվում է արդիական բառապաշարով, գեղարվեստական դարձվածքներով, սակայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը դրան զուգահեռ՝ խորքային իմաստով մի ամբողջ հսկայական իշխող կուսակցության ներշնչում է այդ բացառիկության գաղափարը և գրեթե պատրաստում նախընտրական ֆանատիզմի հող, իսկ հասարակությանն էլ փորձում է հետևողականորեն համոզել, որ ՀՀԿ-ն է, և վերջ:
Հանրության արձագանքը այս ամենին առայժմ շատ իներտ է: Ակնհայտ է, որ այդ էներգետիկայի վտանգը չի գիտակցվում ամբողջությամբ: Եվ թերևս հնարավոր է նաև, որ Սերժ Սարգսյանն ու իր թիմն էլ այդ վտանգը ամբողջությամբ չէ, որ գիտակցում են, երբ կարող են ստեղծել մի հրեշավոր ֆանատիզմ, որին անգամ իրենք չեն կարող արգելակել, և ի վերջո իրենք էլ կհայտնվեն էթնոքաղաքական այդ ֆանատիզմի երախում, որն իրականում էթնոքրեական բնույթ ունի՝ դատելով իշխող համակարգի կադրային բովանդակությունից: Առավել ևս վտանգավոր կլինի, եթե Սերժ Սարգսյանն ու նրա թիմն այդ հետևողական գիծը նախագահական ելույթներում շարունակում են գիտակցված:
Եթե հաշվարկն այն է, որ ՀՀԿ-ին գերազանցության և բացառիկության զգացումը ներարկելով՝ կարող են բթացնել, այսպես ասած, բարեփոխումների քաղաքականության հանդեպ ներհհկ-ական դիմադրությունը, ապա այստեղ արդեն այդ հաշվարկը չափազանց ռիսկային է՝ թե իրենց, թե պետության համար, որովհետև եթե հանկարծ այդ ճանապարհով չհաջողվի հաղթահարել այդ դիմադրությունը և առարկայացնել բարեփոխումները, եթե, իհարկե, կա իսկապես այդպիսի ցանկություն, ապա ձախողման դեպքում արդեն բացառիկության և գերազանցության անսպառ լիցքերով լիցքավորված ՀՀԿ-ն պետության համար դառնալու է էթնոքրեական մի ժանտախտ, որը կարող է վերջնականապես ավերել Հայաստանը՝ որպես պետական օրգանիզմ:
1in.am



Читайте также

Оставить комментарий