«Ադրբեջանը գնել և շարունակում է ակտիվորեն գնել ռուսական զենք»
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կիրակի կարճատև աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Ինչպիսի՞ն են այդ այցի արդյունքները։ Որքանո՞վ է ժամանակակից և մրցունակ ռուսական զենքը։ Համեմատելի՞ է զենքի որակը, որը Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին, այն սպառազինության հետ, որը մատակարարվում է Հայաստան։ Այս և այլ հարցերի haqqin.az-ի հետ հարցազրույցում պատասխանել է հայտնի միջազգային փորձագետ Պավել Ֆելգենհաուերը։
– Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրների միջև ռազմական համագործակցության մակարդակը։
– Ադրբեջանը գնել և շարունակում է ակտիվորեն գնել ռուսական զենք։ Սակայն դա հանդիսանում է ռազմատեխնիկական զարգացման ցուցանիշ, այլ ոչ թե մեր երկրների միջև ռազմական համագործակցություն։ Ադրբեջանի և Ռուսաստանի զինվորականների միջև համագործակցությունը կարող է շատ ավելի խորը լինել տեսականորեն՝ գործնականում մնալով միանգամայն մակերևութային։ Մեր երկրները չեն հանդիսանում ռազմական դաշնակիցներ և ըստ երևույթին՝ երկու երկրները առանձնապես չեն ձգտում դրան՝ բավարարվելով իրավիճակով, որում Ադրբեջանը գնում է ամենալավը, որ կա ռուսական զենքի շուկայում։
– «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգը Ադրբեջանում կբացի Մի-8/17 դասի ուղղաթիռների վերանորոգման կենտրոն, համապատասխան համաձայնագիրը ծրագրվում է ստորագրել սեպտեմբերի վերջին ADEX-2016 ցուցահանդեսի ժամանակ։ Դա ի՞նչ կտա մեր երկրներին և ինչպե՞ս եք գնահատում այդ տեսակի ուղղաթիռների բնութագրերը։
– Դրանք միանգամայն լավ ուղղաթիռներ են, որոնք գնվում են աշխարհի ամենատարբեր երկրների կողմից։ Եվ քանի որ Ադրբեջանը նույնպես հանդիսանում է երկիր, որն ակտիվորեն գնում և շահագործում է ռազմական ուղղաթիռներ, ապա անշուշտ կա մեր երկրում նման կենտրոնի բացման իմաստ։ Նման կենտրոններ ստեղծվում են երկրներում, որտեղ արդեն կա Ռուսաստանի բավականին լայն ներկայություն և տարածաշրջաններում, որտեղ նա ցանկանում է ամրապնդվել տևական ժամանակ որպես այս կամ այն տեսակի զենքի վաճառող։
– Որքանո՞վ է ընդհանրապես ռուսական զենքը ժամանակակից և մրցունակ սպառազինությունների համաշխարհային շուկայում։
– Ամեն ինչ կախված է հիմա այն բանից, թե ինչ տեսակի զենքի մասին ենք խոսում։ Այն տարբեր է, և համապատասխանաբար՝ դրա արդիականությունն ու մրցունակությունը, նույնպես տարբեր է։ Օրինակ՝ Ռուսաստանի արտադրության ռազմական ուղղաթիռները ամենևին վատը չեն, ժամանակակից են և ունակ մրցակցելու համաշխարհային շուկայում։ Նախկինում դրանք տարբերվել են նաև էժանությամբ, սակայն հիմա գները բարձրացել են, սակայն դա էլ չի վախեցնում պոտենցիալ և արդեն առկա գնորդներին։ Առավել ևս, որ Ադրբեջանում, օրինակ՝ օդաչուները արդեն վաղուց մարզվել և հարմարվել են թռչել այնպիսի ուղղաթիռներով, ինչպիսիք են ռուսական ուղղաթիռները, և եվրոպական ու ամերիկյան ուղղաթիռների գնման դեպքում պետք է վերապատրաստվել։
Իրավիճակն այլ է՝ կապված անօդաչուների հետ։ Ռուսաստանում դրանք մշակվում են, սակայն հեռու են իրական լավ մեքենաների արտադրությունից, և այդ իսկ պատճառով մենք անօդաչուներ ենք գնում Իսրայելից, որից գնում է դրանք նաև Ադրբեջանը։ Ռուսաստանում տանկերի հետ կապված նույնպես ամեն բան լավ չէ, դրանք հնացել են և այժմ մեր երկրում ստեղծվում է նոր տանկային հարթակ։ Իսկ ահա Ռուսաստանի արտադրության զենիթա-հրթռիային համակարգերը միանգամայն լավն են։ Այնպես որ, ինչպես տեսնում եք, ոչ միանշանակ, սակայն ընդհանուր առմամբ ռուսական զենքն ունակ է իրականացնելու ցանկացած զենքի գլխավոր գործառույթը՝ կրակել և սպանել։
– Կարո՞ղ եք համեմատել զենքի որակը, որը Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին և մատակարարում Հայաստանին։
– Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակը կիրառել է ՏՕՍ-1 Ա ծանր հրետանային համակարգեր Ղարաբաղում հայկական զորքերի պաշտպանական գծի ճեղքման համար։ Այդ համակարգերը իրենց լավագույն կողմով են ներկայացել և ոչ միայն այնտեղ, այլև Սիրիայում։ Այդ տեսակի համանման համակարգեր աշխարհում պարզապես գոյություն չունեն և հայկական կողմը, ինչը բնական է, նույնպես տենչում է ստանալ դրանցից։ Մատակարարումների մասին պայմանավովածություն կա, սակայն դրանք արդեն մատակարարվել են թե ոչ, հստակ տեղեկություն չունեմ։
– Մե՞ծ է գնային տարբերությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանի և Հայաստանի համար վաճառվող զենքի միջև։
– Խորհրդային ժամանակ էր, որ զենքի ներքին գների ու արտահանվող զենքի գների միջև տարբերությունը կազմել է 10 անգամ։ Ներքին և արտաքին գների միջև նման վիթխարի ճեղքվածք արդեն վաղուց չկա, շատ դեպքերում դրանք միանգամայն հավասարվել են։ Սակայն այստեղ բանը նրանում է, որ Հայաստանը գումար չունի։ Այդ իսկ պատճառով ռուսական զենքը նրան մատակարարվում է կամ վարկով, որի հետ կապված այնուհետև որոշում են՝ ինչ անել և ինչպես այն վերադարձնել, կամ մատակարարվում է նրան ոչ նոր արտադրված զենք, որը գտնվում է վերանորոգման մեջ։