ԱՊՀ երկրներից Հայաստանը աղքատությամբ զիջում է միայն Տաջիկստանին

irevanaz.comԲնակչության մեջ աղքատների թվով Հայաստանը համեմատվում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Աֆղանստանը (աղքատության գծից ներքև է բնակչության 36%-ը), Բանգլադեշը (աղքատության գծից ներքև է բնակչության 31.5%-ը), Կոլումբիան (34.1%), Կոսովոն (34.5%), Ղրղզստանը (33.7%), Մոնղոլիան (39.2%), Պարագվայը (32.4%), Վենեսուելան (31.9%): Սրանք այդ երկրների հրապարակած պաշտոնական թվերն են, որոնք տեղադրված են համաշխարհային բանկի կայքում:
Հիշեցնենք, որ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, աղքատության գծից ներքև է բնակչության 35%-ը (2011թ. տվյալներով): Այդ ցուցանիշով մենք գերազանցում ենք ԱՊՀ գրեթե բոլոր երկրներին, բացառությամբ Տաջիկստանի (46.7%): Ադրբեջանում աղքատությունը 6% է (2012-ի տվյալ), Վրաստանում` 24.7% (2010-ի տվյալ), Մոլդովայում 21.9% (2010):
Պետությունների պաշտոնական մարմինների հրապարակած տվյալների համաձայն` աղքատությունը ամենաշատը տարածված է Կենտրոնական Ամերիկայում գտնվող Հոնդուրասում (աղքատ է բնակչության 66.2%-ը), Աֆրիկայի կենտրոնում գտնվող Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում (62%), Հարավային Աֆրիկայում գտնվող Զամբիայում (60.5%), Արևմտյան Աֆրիկայում գտնվող Տոգոյում (58.7%): Բնակչության մեծամասնությունը աղքատ է նաև աֆրիկյան Սվազիլենդ, Հարավային Սուդան ու Գվինեա պետություններում, Կենտրոնական Ամերիկայում գտնվող Գվատեմալայում, ինչպես նաև ԱՄՆ-ի հարավում գտնվող Մեքսիկայում:
Համաշխարհային բանկն ու այլ միջազգային կազմակերպությունները, սակայն, երկրների հրապարակած պաշտոնական տվյալներից բացի՝ մշակել են աղքատության գնահատման այլ մեթոդներ: Դրանցից մեկը, օրինակ, այն է, որ աղքատ է համարվում յուրաքանչյուր ոք, ում եկամուտը պակաս է օրական 2 դոլարից: Ընդ որում` այդ 2 դոլարի գնողունակությունը 2005-ինն է, քանի որ դրանից առաջ 2 դոլարը ավելի մեծ գնողունակություն է ունեցել, իսկ դրանից հետո` ավելի փոքր: Ավելին՝ քանի որ դոլարը տարբեր երկրներում տարբեր գնողունակություն ունի (օրինակ` 1 դոլարով Չինաստանում ավելի շատ ապրանք կարելի է գնել, քան Հայաստանում, իսկ Հայաստանում էլ` ավելի շատ, քան Շվեյցարիայում), աղքատության «2 դոլարանոց» շեմը ճշգրտված է նաև այդ գնողունակությամբ:
Եվ այսպես` Հայաստանում 2010-ին օրական 2 դոլարից պակաս եկամուտ է ունեցել բնակչության մոտ 20 տոկոսը:
Ադրբեջանի վերջին տվյալը 2008-ինն է` 2.8%: Վրաստանում օրական 2 դոլարից պակաս եկամուտ է ունեցել բնակչության 35.6%-ը (2010թ): Նկատենք, որ աղքատության պաշտոնական ցուցանիշով Վրաստանն ավելի լավ վիճակում է, քան մենք: «2 դոլարանոց» շեմի համաձայն` աղքատությունը Հայաստանից շատ է տարածված նաև Ղրղզստանում (21.6%) և դարձյալ` Տաջիկստանում (27.7%` 2009-ին): Փոխարենը մեզանից շատ ավելի լավ վիճակում է Մոլդովան` 4.4% (2011):
Ի դեպ, «2 դոլարանոց» շեմի համաձայն` աշխարհի ամենաաղքատ երկրներ համարվում են գերազանցապես աֆրիկական պետությունները` Մադագասկարը (աղքատության 92.6% մակարդակ), Զամբիան (86.8%), Մալավին (82.3%), Ռուանդան (82.4%), Մալին (78.7%), Նիգերիան (78.5%) և այլն:



Читайте также

Оставить комментарий