ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻԼԼԻ ՄԵՋԼԻՍԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԵՏ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ՝ ՆԱԵՎ ՍԿՍՎԵԼ Է «ԵՎՐԱՆԵՍԹ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ ՄՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով: Նաև կսկսվի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին Միլլի Մեջլիսի անդամակցության դադարեցման ընթացակարգ։Խոսնակ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ խորհրդարանը ստիպված է եղել կասեցնել հարաբերությունները Եվրախորհրդարանի կողմից կողմնակալ փաստաթղթերի ընդունման պատճառով, սակայն Եվրախորհրդարանի համապատասխան ջանքերից հետո՝ 2016 թվականի սեպտեմբերին, որոշում էր կայացվել հարաբերությունների վերականգնման մասին։
«Ցավոք, անցած 10 տարիները ցույց տվեցին, որ Եվրոպական խորհրդարանը մտադիր չէ հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ գործունեությունից։ Մեր տարածքային ամբողջականության վերականգնումն էլ ավելի է ակտիվացրել Եվրախորհրդարանի գործողությունները Ադրբեջանի դեմ։ Այս ամենը ցույց է տալիս, թե իրականում ինչ պարամետրերի վրա է հիմնված տվյալ կառույցի գործունեությունը»,- նշել է խոսնակը։
Միլլի Մեջլիսը փաստաթուղթ ընդունել է Եվրոպական խորհրդարանի հակաադրբեջանական գործունեության կապակցությամբ։

