TRIPP-Ը ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ․ ՓԱՇԻՆՅԱՆ

Ի հեճուկս մեր մտավախությունների, մենք ԱՄՆ-ից ստացել ենք բարձրագույն հավաստիացումներ, որ «TRIPP» նախագիծն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ առաջնահերթություն ԱՄՆ-ի համար: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պիտի ասեմ, որ «TRIPP»-ի հետ կապված գործընթացները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են և երկու կողմերն էլ, թե՛ ՀՀ-ն, թե՛ ԱՄՆ-ն ցանկություն ունեն հնարավոր ամենաարագ ժամկետներում իրականացնել այն:
Կարող ենք ասել ավելին՝ նախորդ օրերին մենք քննարկել ենք մասնավորապես էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, շինարարական աշխատանքները նախատեսվածից ավելի շուտ իրականացնելու հնարավորությունը»,- նշել է նա:
Փաշինյանը հավելել է, որ գործընթացը հասունացած է, հասունանում է և անկասկած է ՀՀ-ի և ԱՄՆ-ի մոտեցումը ծրագրի նկատմամբ, որպես բացարձակ առաջնահերթություն:
Փաշինյանը հայտարարել է նաև, որ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը ՀՀ քաղաքացիները և տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային թե՛ նավթամթերքի գնի, թե՛ գնաճի, թե՛ մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը ՀՀ-ի համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ: «Հաստատված խաղաղության շնորհիվ այսօր ադրբեջանական երկաթուղով ապրանքներ են ներկրվում ՀՀ, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչներն արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ են ունեցել, որովհետև ադրբեջանական նավթամթերքի ներկրումն ի վերջո այն վերջին գործոնն էր, որի  արդյունքում մենք ավարտեցինք «նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում» օպերացիան, որը տևում էր 8 տարի:
ՀՀ քաղաքացիները հարցնում են՝ ինչո՞ւ 8 տարի, որովհետև այդ դեպքերում ոչ միայն պարզ գործողություն է արվում, այլև բառիս բուն իմաստով մաֆիայի դեմ ենք պայքարում»,- նշել է նա։


Читайте также

Оставить комментарий