ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՒՄԲ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ նշել է՝ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ և նշել պետք է ստեղծել Համակարգող խումբ:
Ըստ վարչապետի՝ համակարգող խմբի անդամ կարող են դառնալ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդները, ովքեր իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը, վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը, ամեն օր աղոթում են, հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին»։
Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ աշխարհիկ մարդիկ, թե՛ հոգևորականներ, հավելել է Փաշինյանը. - «Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը»։
«Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր», - գրել է վարչապետը։
Ավելի քան10 օր է՝ շարունակվում է Հայաստանի վարչապետի ու իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից կաթողիկոսի ու եկեղեցու մյուս բարձրաստիճան հոգևորականների դեմ քննադատությունը: Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում հոգևոր այրերի, այդ թվում՝ Գարեգին Երկրորդի հավատարմությունը կուսակրոնության ուխտին, անգամ պնդում, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։


Читайте также

Оставить комментарий