ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՕՐԵՐ ԱՌԱՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՎԻԱՎԹԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևից օրեր առաջ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ՝ փաստացի ընդունելով, որ ողբերգական միջադեպի ժամանակ տարածքում ռուսական ՀՕՊ համակարգեր են աշխատել։ Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել Կրեմլի նախաձեռնությամբ։
Այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել այն բանի համար, որ դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթով թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռը ենթարկվել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտության Ռուսաստանի օդային տարածքում, ինչը հանգեցրել է ողբերգության։ Վլադիմիր Պուտինը խորը և անկեղծ ցավակցություն է հայտնել այս ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Իլհամ Ալիևը նշել է, որ «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռը, գտնվելով Ռուսաստանի օդային տարածքում, ենթարկվել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտության, ամբողջությամբ կորցրել է կառավարումը, ուղարկվել է Ղազախստանի Ակտաու քաղաք և միայն օդաչուների խիզախության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է կարողացել վթարային վայրէջք կատարել:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինքնաթիռի ֆյուզելյաժում բազմաթիվ անցքերի առկայությունը, ուղևորների և անձնակազմի անդամների օտար մասնիկներից վնասվածքներ ստանալը, որոնք ինքնաթիռի մեջ են հայտնվել դեռ օդում գտնվելու ժամանակ, ինչպես նաև ողջ մնացած բորտուղեկցորդների և ուղևորների ցուցմունքները ապացուցում են արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտության փաստը: Պետությունների ղեկավարները քննարկել են ողբերգության բոլոր մանրամասների լուրջ և համապարփակ հետաքննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմի առաջարկով ստեղծվել է միջազգային փորձագետների խումբ՝ ինքնաթիռի կործանման պատճառների համապարփակ հետաքննության համար, որն արդեն սկսել է աշխատանքը։ Պետությունների ղեկավարներն ընդգծել են, որ հետաքննության գործընթացն ընթանալու է լիարժեք թափանցիկությամբ, և այդ մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի։


Читайте также

Оставить комментарий