ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնը (ՍՀԿ) հարցում է անցկացրել՝ ուսումնասիրելու հասարակության վերաբերմունքը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նկատմամբ։
Հարցմանը մասնակցածների 77,3 տոկոսն ասել է, որ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրին, դեմ է հարցվածների 20,6 տոկոսը, իսկ 2,1 տոկոսը դժվարացել է կարծիք հայտնել։
Արդյունքների համաձայն՝ հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 85,2 տոկոսը, նշել է, որ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված գործընթացներին և նորություններին։ Հարցվածների միայն 14,8 տոկոսն է ասել, որ չի հետևում գործընթացներին։
Հարցման արդյունքների գենդերային վերլուծությունը ցույց է տվել, որ մոտավորապես հավասար թվով տղամարդիկ և կանայք դրական դիրքորոշում ունեն այս հարցում։
Հարցվածների կրթության առումով բարձրագույն կրթություն ունեցողների 82,7 տոկոսը և միջնակարգ կրթություն ունեցողների 72,2 տոկոսը կողմ են արտահայտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրին։ Նմանատիպ դիրքորոշում են հայտնել 18-24 տարեկան տարիքային խմբի ներկայացուցիչների 76,9 տոկոսը և 65 տարեկանից բարձրների՝ 87,3 տոկոսը։
Նշենք, որ հարցումն անցկացվել է 2023 թվականի մայիսի 14-ից մայիսի 17-ը՝ 18 տարեկանից բարձր 384 հարցվողների շրջանում կամավոր հիմունքներով՝ բացարձակ անանունության պայմաններում։ Հարցումն անցկացվել է 12 տնտեսական շրջանների հարցվածների շրջանում՝ հեռախոսային հարցազրույցների տեսքով։ Համապատասխան բազայից պատահականության սկզբունքով ընտրվել են նշված տնտեսական և վարչական շրջաններին (քաղաքներին) պատկանող ֆիքսված հեռախոսների համարները։ Ընտրանքի կառուցվածքը որոշվել է երկրի ողջ տարածքում բնակչության բաշխվածության համամասնությամբ՝ պահպանելով գենդերային հավասարակշռությունը: Արդյունքների հավաստիության մակարդակը 95 տոկոս է, հավանական սխալը՝ 5 տոկոս։


Читайте также

Оставить комментарий