ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿԵՂԾԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԱՌ ՕՐԻՆԱԿ Է

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հունվարի 24-ի ելույթը կեղծավորության վառ օրինակ է։
Այս մասին ասված է չորեքշաբթի Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ։
«Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը ռազմական ճանապարհով լուծելու Հայաստանի արտգործնախարարի առաջարկը լուրջ սպառնալիք է։ Հայտնի է, որ հայ ղեկավարների կողմից պատերազմի կոչ հնչեցնելու գաղափարը նորություն չէ: Դեռ 2019-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է», իսկ պաշտպանության նախկին նախարար Տոնոյանը հայտարարեց «նոր պատերազմ նոր հողերի համար»։ ԱԳ նախարար Միրզոյանի ռազմական լուծման մասին առաջարկը ցույց է տալիս, որ Հայաստանը պատմությունից դասեր չի քաղել և դեռ չի գիտակցում ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի հետևանքները։ Պետք է կանխել հայկական կողմի այս արկածախնդրությունը։
Այն փաստը, որ Ադրբեջանի կողմից Եվրամիությանը և միջազգային այլ կազմակերպություններին, ինչպես նաև խորհրդարաններին ներկայացված անհերքելի ապացույցները (Հայկական զինված ուժերի ոչ ամբողջական դուրսբերումը մեր տարածքներից, շարունակվող ապօրինի գործողությունները Ադրբեջանի տարածքում, Լաչինի ճանապարհի չարաշահումը, Ադրբեջանում ականների վտանգի պահպանումը, բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը, երրորդ երկրների քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու համար պայմանների ստեղծումը և այլն) 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտման վերաբերյալ պատշաճ ուշադրության և դատապարտման չեն արժանանում, համարձակություն է տալիս հայկական կողմին:
Միևնույն ժամանակ, պարզ է, որ Հայաստանի արտգործնախարարի վերջին ելույթը ոգեշնչված էր Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային մի շարք շրջանակների կողմից արված ոչ կոռեկտ, ոչ խաղաղասեր և վրեժխնդիր հայտարարություններով։
Ընդհանրապես, անհեթեթ է, որ անկախություն ձեռք բերելու պահից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների դեմ ռազմական ագրեսիա և ջարդեր իրականացրած, օկուպացրած քաղաքներն ու հարյուրավոր գյուղեր ավերած, ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումներ իրականացրած, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը չկատարած Հայաստանը հղում է անում միջազգային իրավունքի նորմերին, դիմում միջազգային կազմակերպություններին և միջամտության կոչ է անում մեր տարածքների օկուպացիայից ազատագրվելուց հետո:
Քաջ հայտնի է, որ ԱԳ նախարար Միրզոյանի հնչեցրած կարծիքները, թե Հայաստանը բարեխղճորեն մասնակցել է Ադրբեջանի նախաձեռնած երեք ուղղություններով բանակցություններին (բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացում, սահմանների սահմանազատում, խաղաղության համաձայնագրի ստորագրում) չեն արտացոլում իրականությունը։ Խաղաղության օրակարգի վերաբերյալ առաջարկների ներկայացվելուց հետո հայկական կողմը ամիսներ շարունակ չարձագանքեց մեր կոչերին, գործնական քայլեր չձեռնարկեց գործընթացն առաջ մղելու համար, տարբեր պատրվակներով անընդհատ արգելափակեց գործընթացը։
Հայկական կողմի հերթական անգամ հնչեցրած «արտատարածքային միջանցք» ստեղծելու Ադրբեջանի պահանջի մասին գաղափարը անհիմն է։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ Հայաստանը պարտավոր է ապահովել «Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը։ Հայաստանը համաձայնել է ապահովել իր տարածքով անարգել տեղաշարժը և պետք է կատարի այդ պարտավորությունը։ Զարմանալի է, որ հայկական կողմը, որը դեռ օկուպացիայի տակ է պահում 8 գյուղ և տասնյակ քառակուսի կմ ադրբեջանական տարածք, հայտարարում է, որ Ադրբեջանը հավատարիմ չէ սահմանազատման գործընթացին», - ասված է հայտարարության մեջ։


Читайте также

Оставить комментарий