Էլմար Մամեդյարով․ «Մինսկի խմբի համանախագահներն իրենց մանդատին համապատասխան պետք է գործնական քայլերի դիմեն՝ հայկական կողմից պահանջելով կատարել ստանձնած պարտավորությունները»

Էլմար Մամեդյարով․ «Մինսկի խմբի համանախագահներն իրենց մանդատին համապատասխան պետք է գործնական քայլերի դիմեն՝ հայկական կողմից պահանջելով կատարել ստանձնած պարտավորությունները»Ռուսաստանյան «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում միջադեպերի վերահսկման մեխանիզմներ ստեղծելուն վերաբերող հարցին, ասել է, թե նման մեխանիզմի անհրաժեշտությունը միտումավոր կերպով օրակարգ է բերում Երևանը:
Ըստ Մամեդյարովի, դա տեխնիկական հարց է, որը Հայաստանին պետք է հակամարտության իրավա-քաղաքական համապարփակ լուծումից ուշադրությունը շեղելու, ստատուս քվոն պահպանելու և «ադրբեջանական տարածքների օկուպացիան» շարունակելու համար: Մամեդյարովը հավելել է՝ «Ադրբեջանի տարածքներից հայկական ուժերի դուրս բերելուն պես միջադեպերն իսպառ կվերանան, հետաքննելու ոչինչ չի մնա»:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանն օժանդակող բանակցային լրացուցիչ ֆորմատների հնարավորության մասին հարցին Մամեդյարովը պատասխանել է՝ «պետք չէ հեծանիվ հորինել», հակամարտության կարգավորման իրավական հիմքերը վաղուց սահմանվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով, ըստ որոնց, «հայկական ուժերը պետք է ամբողջովին և անվերապահորեն դուրս բերվեն Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներից»:
«Մինսկի խմբի համանախագահներն իրենց մանդատին համապատասխան պետք է գործնական քայլերի դիմեն՝ հայկական կողմից պահանջելով կատարել ստանձնած պարտավորությունները: Սակայն Երևանն ամեն կերպ խոչընդոտում է այդ գործընթացը, և համանախագահները դա հրաշալի գիտեն»,- «Կոմերսանտ»-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին և Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումներին: Մամեդյարովը հերքել է վերջերս տարածված լուրերը, թե ֆինանսական խնդիրների պատճառով Ադրբեջանը չի կարողանում վճարել զենքի դիմաց:
«Վճարումների հետ կապված ոչ մի խնդիր չկա: Չլուծված ֆինանսական հարցերի մասին լուրերը ճիշտ չեն: Մենք վճարումները կատարում ենք պայմանագրերին համապատասխան»,- հավաստիացրել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ խնդիրներ կան պայմանագրերի որոշ պայմանների կատարման հետ կապված:
«Ստացվող սպառազինությունները պետք է համապատասխանեն պայմանագրերում ամրագրված տեխնիկական պարամետրերին»,- ասել է նա, շեշտելով, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքու էր եկել այդ խնդիրները հասկանալու համար, և հարցի էությունը նրան ամբողջովին ներկայացվել է:
«Մի շարք կոնկրետ սպառազինությունների տեխնիկական պարամետրերը ճշգրտելու անհրաժեշտություն կա, Ռոգոզինի խոսքով, դա կկատարվի ամենամոտ ժամանակներում»,- ասել է Մամեդյարովը: Հայաստանին ռուսական զենքի մատակարարումների կապակցությամբ Մոսկվային հղած նոտայի հետ կապված՝ Մամեդյարովն ասել է, թե դա նման բնույթի առաջին նոտան չէր:
«Նոտայի բովանդակությունը, ըստ էության, խնդրանք էր, որպեսզի Ռուսաստանը, երբ զենք է մատակարարում Հայաստանին, հաշվի առնի, որ այդ զենքերը չպետք է հայտնվեն ադրբեջանական օկուպացված տարածքներում: Եթե վերջնական օգտագործողը Հայաստանը լինի, ապա հարցը դուրս չի գա Մոսկվայի և Երևանի երկկողմ հարաբերությունների շրջանակից: Բայց եթե զենքը հայտնվում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում, դա արդեն բոլորովին ուրիշ գործ է»,- «Կոմերսանտ»-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:



Читайте также

Оставить комментарий