Էլմար Մամեդյարով: «Մենք կկառուցենք խաղաղություն և կզարգացնենք տարածաշրջանը»

irevanaz.comԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի՝ նախագահների փարիզյան հանդիպման վերաբերյալ հայտարարությունը:
Մամեդյարովը, մասնավորապես ասել է. 
«Ընդհանուր առմամբ, նախագահների մակարդակով ցանկացած հանդիպում դրական է: Նման հանդիպումները հնարավորություն են ընձեռնում հասկանալ հակառակ կողմի տրամադրությունները՝ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ տանելու համար: Փարիզում բանակցություններն անցկացվեցին մի քանի փուլով, որտեղ դիտարկվեցին այնպիսի հարցեր, որոնց շուրջ առայժմ չի հաջողվում հասնել առաջընթացի:  
Նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ներկայացրեց Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը՝ նշելով, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար առաջին հերթին Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից: 
Հենց որ կատարվեն Ադրբեջանի պահանջները, որոնց, ի դեպ, աջակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և որոնք արտացոլված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերում, լայն հնարավորություններ կբացվեն տարածաշրջանային անվտանգության, սահմանների և կոմունիկացիաների բացման, վստահության միջոցների ամրապնդման հարցերի համաձայնեցման համար:
Եթե Հայաստանի զորքերը չլինեն մեր հողերում, ապա դիպուկահարների անհրաժեշտությունը կվերանա, զգալիորեն կնվազեն զինված միջադեպերի թիվը: Մենք կկառուցենք խաղաղություն և կզարգացնենք տարածաշրջանը:    
Հանդիպման զգալի արդյունքներից ես կնշեի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համընդգրկուն խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքներն սկսելու կոչը՝ ուղղված հակամարտող կողմերին՝ Ադրբեջանին և Հայաստանին: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դրան»:



Читайте также

Оставить комментарий