ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այս մասին հայտարարել է Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները չորս զրույց են ունեցել։ Խոսքը կապերի փուլային կարգավորման մասին է։ Ադրբեջանի հաղթանակից հետո Թուրքիան հանդես է եկել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Քայլերն այս ուղղությամբ շարունակվում են։ Խոսքը Հայաստանի հետ ավիակապի վերականգնման և այլնի մասին է։ Ձեռնարկվել են որոշակի քայլեր առևտրային ոլորտում»,- ասել է թուրք նախարարը։
Ընդ որում՝ նա սուբյեկտիվ է անվանել Անկարայի և Երևանի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի շփումներից կտրված ընկալելու փորձերը։
«Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման գրավականը մասշտաբային խաղաղության համաձայնագիրն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բաքուն ներկայացրել է իր նախաձեռնությունները, որոնց Երևանը չի պատասխանել։ Ստեղծվել է համատեղ հանձնաժողով, որը պետք է սկսի աշխատանքը։ Խոսքը նաև Զանգեզուրի միջանցքի մասին է։ Սակայն Հայաստանում անհանգստացած են դրանից։ Երևանում պետք է կողմնորոշվեն՝ արդյո՞ք իրենք խաղաղություն են ուզում»,- շարունակել է թուրք նախարարը։
Նա ընդգծել է, որ հայկական զորքերը երկու տարի անց դեռևս չեն հեռացել Ադրբեջանի տարածքից։
«Հայաստանի անկեղծ չլինելը կարգավորման գործընթացում ակնհայտ է բոլորին։ Երևանում պետք է իմանան, որ Անկարան ոչ մի թաքուն պլան չունի Բաքվից։ Մենք խաղաղության կողմնակից ենք», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։


Читайте также

Оставить комментарий