ԲԱՔՈՒՆ ՄԵՐԺՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ և ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՄՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ
«Մենք վճռականորեն դատապարտում և մերժում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության անհիմն պնդումները՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի» աջակցության, «հայ կալանավորվածների ճակատագրի, նրանց ազատ արձակման», «հայկական կրոնական և մշակութային ժառանգության» մասին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադե։Նրա խոսքով, ֆրանսիական խորհրդարանի պաշտոնական կայքէջում հունիսի 23-ին հրապարակված անհիմն պատասխանները վկայում են այն կողմնակալ մոտեցման մասին, որը նրանք երկար ժամանակ ցուցաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ։
Չնայած ֆրանսիական կողմը ներկայանում է որպես խաղաղ գործընթացի կողմնակից, բայց Փարիզի շեշտադրումը Հայաստանի հետ պաշտպանական համագործակցության վրա ու աջակցությունը Եվրամիության դիտորդական առաքելությանը փաստում են, որ Ֆրանսիան հեռու է տարածաշրջանում չեզոք լինելուց։
Ադրբեջանի ԱԳՆ-ն վկայաբերում է նաև Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնումը, նշելով, որ նման քայլերը «խրախուսում են ռևանշիստական տրամադրությունները և վնասում հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Դա, ըստ Այխան Հաջիզադեի, «ևս մեկ անգամ փաստում է, որ Փարիզը դեռևս դժվարությամբ է ընդունում տարածաշրջանի նոր իրողությունները և Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանը նպաստելու փոխարեն շարունակում է առաջնորդվել հնացած և միակողմանի քաղաքական մոտեցումներով»։
«Սա լուրջ վնաս է հասցնում ինչպես տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակությանը, այնպես էլ նրա՝ որպես հուսալի գործընկերոջ կերպարին»,- նշել է Հաջիզադեն:

