ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները Ստամբուլում կայացած արտաքին գործերի նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումից հետո ստորագրեցին Ստամբուլյան հռչակագիրը։Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Հռչակագրում կողմերը վերահաստատել են իրենց փոխադարձ աջակցությունը ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը, ինչպես նաև ընդգծել են տրանսպորտի, էներգետիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Հարավային գազային միջանցք խողովակաշարերի դերին Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում, ինչպես նաև Միջին միջանցքի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կարևորությանը։ Կողմերը նշել են տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման կարևորությունը՝ Հարավային Կովկասի ողջ ներուժը բացահայտելու համար, և ընդգծել են երեք երկրների դրական դերը այս գործընթացում։ Նախարարները նաև բարձր գնահատեցին Ադրբեջանի ներդրումը Համաշխարհային քաղաքային ֆորումի (WUF13) անցկացման գործում և աջակցեցին Թուրքիայի նախագահությանը COP31-ում։
Հանդիպումից հետո որոշում կայացվեց հաջորդ 11-րդ նախարարական հանդիպումը անցկացնել Վրաստանում 2027 թվականին։

