ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԶԳԱԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԳՐԱՆՑՎԵԼ. ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ
2025 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։Այս մասին տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը երկրի նախագահի ղեկավարությամբ 2025 թվականին ակտիվ արտաքին քաղաքականություն է վարել։
«Ադրբեջանն ամրապնդեց իր դիրքերը միջազգային ասպարեզում և ընդլայնեց իր դիվանագիտական ներկայությունը: 2025 թվականին խաղաղ գործընթացում մեծ առաջընթաց է գրանցվել»,- նշել է նա։
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի ջանքերը՝ խթանելու միջազգային խաղաղությունն ու կայունությունը՝ զարգացնելով տնտեսական համագործակցությունը և միջնորդական գործունեությունը, նպաստել են երկրի հեղինակության հետագա աճին համաշխարհային ասպարեզում։
Նրա խոսքով՝ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխության և TRIPP նախագծի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում:
«Նոյեմբերին Գաբալա քաղաքում տեղի է ունեցել սահմանազատման հարցով ադրբեջանական և հայկական կողմերի հանդիպումը։ Մինչ այդ՝ հունվար-փետրվար ամիսներին, նման հանդիպումներ տեղի են ունեցել առցանց ձևաչափով։
Նաև թույլտվություն է տրվել ղազախական հացահատիկը Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցելու համար։ Սակայն վերջնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է կատարել մեր նախանշած պայմանները»,-ասել է Բայրամովը:

