ԵԽԽՎ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՉ ՈՔ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՅՍ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՆՍՏԱԾՆԵՐԸ, ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽՈՍԵԼ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՈՒ ՇԱՆՏԱԺԻ ԼԵԶՎՈՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը հունվարի 24-ին կառույցի նիստում հանդես է եկել հայտարարությամբ.
Irevanaz.com-ը ներկայացնում է այդ հայտարարությունը.
«Ադրբեջանի Հանրապետությունը հպարտ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական և բազմամշակութային երկիր է։ Ժողովրդավարությունը մեր գիտակցված ընտրությունն է: 1991 թվականի անկախությունից ի վեր մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանում մարդու իրավունքների և օրենքի գերակայության ապահովման գործում:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հիմնական նպատակն է երկխոսության հարթակ ապահովել տարբեր երկրների խորհրդարանականների միջև՝ հիմնված փոխադարձ հարգանքի և հավասար պայմանների վրա։
2001 թվականին անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանն անկեղծորեն հույս ուներ և ակնկալում էր, որ այս կազմակերպությունը, որը կոչված է պաշտպանել մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, կօգնի Ադրբեջանին վերականգնել Հայաստանի կողմից ռազմական ագրեսիայի և իր միջազգայնորեն ճանաչված տարածքների մի մասի օկուպացիայի արդյունքում ոտնահարված հարյուր հազարավոր ադրբեջանցիների իրավունքները։ Եվ, հետևաբար, արդարությունը կվերականգնվի՝ հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու։
Տասնինը տարի՝ 2001 թվականից մինչև 2020 թվականը, ԵԽԽՎ-ն չի կարողացել պատասխանատվության կանչել ագրեսոր պետությանը՝ Հայաստանին իր գործողությունների համար, որոնք հակասում են Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքներին և սկզբունքներին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է էթնիկ զտումների ենթարկված ադրբեջանցի փախստականների և ներքին տեղահանվածների իրավունքների բացահայտ անտեսմանը։
Ագրեսիայի, օկուպացիայի և բռնի անջատողականության նկատմամբ Ադրբեջանի պատմական հաղթանակից հետո, նրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումից հետո մենք բախվում ենք Ադրբեջանին արատավորելու կազմակերպված զրպարտչական արշավի հետ, որը ստվեր է գցում արդարության վերականգնման ուղղությամբ հանրապետության ձեռքբերումների վրա: Շուրջ քսան տարիների ընթացքում, երբ ադրբեջանական պատվիրակությունը բարձրացնում էր հայկական օկուպացիայի սարսափելի հետևանքների հարցը, մեզ ասում էին, որ ԵԽԽՎ-ն հարմար ձևաչափ չէ հակամարտությունների հետ կապված հարցեր քննարկելու համար։ Բայց հիմա նույն ԵԽԽՎ-ն ու նույն պատգամավորները ճիշտ հակառակն են ասում ու ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում հարձակվելու Ադրբեջանի վրա։ Միջազգային իրավունքի ընտրովի մեկնաբանությունը և պետությունների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը վերաբերող հարցերի նկատմամբ տարբեր վերաբերմունքը ցուցադրում է այս ամոթալի առաջարկի հեղինակների ցինիկ և կեղծավոր էությունը։
Ցավոք, ԵԽԽՎ-ն օգտագործվում է որպես հարթակ՝ հարձակվելու որոշ անդամ երկրների վրա։ ԵԽԽՎ-ի հիմնական սկզբունքներն օգտագործվում են որոշակի կողմնակալ խմբերի կողմից՝ իրենց նեղ շահերը առաջ տանելու համար։ Քաղաքական կոռուպցիան, խտրականությունը, էթնիկ և կրոնական ատելությունը, երկակի ստանդարտները, ամբարտավանությունը և շովինիզմը դարձել են ԵԽԽՎ-ում գերակշռող գործելաոճը։
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վիճարկելու նախաձեռնությունը մենք համարում ենք այս արատավոր արշավի մի մաս։ Մենք այս նախաձեռնությունը դիտարկում ենք նաև որպես Ադրբեջանում ընթացող ընտրական գործընթացին անհիմն միջամտելու միտումնավոր և անընդունելի փորձ և մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը խաթարող նենգ գործողությունների վառ օրինակ:
Մեր պատվիրակության լիազորությունները վավերացնելու առաջարկվող մերժումը լուրջ հարված կլինի Եվրախորհրդի հեղինակությանը և անկողմնակալությանը, և դրա լուրջ և անդառնալի հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու են դրա նախաձեռնողները։
Աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ այս դահլիճում նստածները, չեն կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների ու շանտաժի լեզվով։ ԵԽԽՎ պատմության մեջ երբևէ այս կազմակերպությունը նման խայտառակ պահվածք չի ցուցաբերել։ ԵԽԽՎ-ում ձևավորված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր փոխգործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը»։
Հայտարարության ընթերցումից հետո պատվիրակությունը լքել է դահլիճը։


Читайте также

Оставить комментарий