Ջհանգիր Լֆիկյան. «Ինչո՞ւ Նիկոլին դեռ չեն սղկում»

irevanaz.com

Դատարանում «Սասնա ծռեր»-ի գործով հերթական նիստի ժամանակ օրերս հրապարակվեց խմբի անդամներից երկուսի խոսակցության ձայնագրությունը: Այնտեղ շատ հստակ լսելի էին նրանց հետևյալ խոսքերը. «Նիկոլին կոխեք մի հատ զիբիլի վեդրոն, բայց չսպանեք, որ դուրս եկա` սղկելու եմ»։
Հիմա այդ երկխոսության հեղինակները, հավանաբար, արդեն ազատության մեջ են Նիկոլ Փաշինյանի շնորհիվ: Բայց կարծես թե չեն շտապում սղկել Նիկոլին: Եվ ոչ միայն չեն սղկում, այլև նրանց քաղաքական թևը` «Հիմնադիր խորհրդարանը»` մի նոր հայտարարություն է տարածել, որտեղ ավում է, թե Սեֆիլյանի խումբը «իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից տեղական ավազակաբարո «իշխանիկների» և զինված հրոսակախմբերով օժտված օլիգարխների ու քրեական հեղինակությունների վնասազերծման ուղղությամբ ձեռնարկած կտրուկ միջոցառումներին»:
Այս պարբերության մեջ ամենատիպիկն, ինչ խոսք, «զինված հրոսակախմբեր» արտահայտությունն է, որովհետև երբ մի հրոսակախումբը դժգոհում է մեկ այլ հրոսակախմբի գոյությունից, ստիպված ես մտածել, որ հեղափոխություն ասվածն այլ բան չէ, քան մի հրոսակախմբի փոխարինումը մեկ այլ հրոսակախմբով: Եվ հիմա նորերի աջակցությունը վայելող զինյալներն իրենց իրավունք են վերապահում հայտարարելու. «ՀԽ քարտուղարությունը վերահաստատում է նոր իշխանություններին, և հատկապես հակահեղափոխության ու ռեվանշի հնարավորությունների դեմ նրանց քայլերին իր ամբողջական սատարումը, և բոլոր նրանց, ովքեր փորձում են սեպ խրել Հիմնադիր խորհրդարանի և Նոր կառավարության միջև, խորհուրդ է տալիս զուր էներգիա չվատնել»:
Ստացվում է, որ կան ուժեր, որոնք սեպ են ուզում խրել սղկողի ու սղկվողի միջև: Հավանաբար, այդ ուժը դատարանն է, որ հրապարակում է նման ձայնագրություններ և կամ այն ԶԼՄ-ները, որոնք տարածում են այդ նյութը, մինչդեռ «Հիմնադիր խորհրդարանը» այս պահին բոլորից պահանջում է լիակատար մոռացկոտություն, քանի որ ցանկացած անբարենպաստ հիշողության առկայությունը պիտի համարվի սեպ:
Հետգրություն
Զարմանալի չէ, որ սեֆիլյանատիպ տարրերն իրենց կազմակերպությամբ հանդես չեն խոսում Փաշինյանի աշխարհաքաղաքական դիրքորոշման մասին: Բայց պետք է ենթադրել, որ սրանք` արևմտամետ ռուսատյացները, որոնց քաղաքական նպատակը Հայաստանի «ապագաղութացումն» է, Նիկոլին կսատարեն նաև ռուսամետ ուղղության հարցում: Որովհետև սրանք, հավանաբար, իրենց ազատությունն ավելի շատ են գնահատում, քան սկզբունքն ու սկզբունքայնությունը:



Читайте также

Оставить комментарий