Հայաստանում օլիգարխները վերահսկում են տնտեսությունը

irevanaz.comFreedom House իրավապաշտպան կառույցի հրապարակման հեղինակները նշում են՝ ՀՀ-ում իշխանությունների բռնությունները, ինչպես նաև ցուցարարների պահանջներն անտեսելու նրանց քաղաքականությունն է ստիպել շատերին՝ կորցնել հույսը, թե հնարավոր է երկրում ի վերջո արդարադատության հասնել:
«Երևանում Ոստիկանության պարեկապահակային գնդի երկշաբաթյա գրավումը, որն ավարտվեց անցած կիրակի, հասարակության անսպասելի աջակցությանն արժանացավ՝ հարցեր առաջ բերելով երկրի ապագա կայունության վերաբերյալ», - նշվում է Freedom House-ի կայքում հրապարակված հոդվածում, որի հեղինակները փորձել են վերլուծել տեղի ունեցածի պատճառներն ու հնարավոր հետևանքները, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Երբ զինված խումբը գրավեց պարեկապահակային գնդի տարածքը և պահանջներ ներկայացրեց իշխանություններին՝ նախագահի հրաժարականի ու քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ, հասարակությունը շփոթմունքով արձագանքեց, իսկ վարչակազմն ու ընդդիմադիր գործիչները՝ լռեցին»,- գրում են հեղինակները՝ հավելելով, որ իշխանությունների լռությանը զուգահեռ հասարակության շրջանում աճեց համակրանքը զինված խմբի նկատմամբ, հազարավոր ցուցարարներ փողոց դուրս եկան՝ կոշտ արձագանք ստանալով ոստիկանության կողմից:
«Երկրում ստատուս քվոն փոխելու՝ զինված խմբի ծայրահեղական փորձը կարող է ընկալվել միայն իշխանությունների բռնապետական միտումների և դրանց առաջ բերած հուսահատության համատեքստում, ու թեև վերջին տարիների հակակառավարական ցույցերը հիմնականում խաղաղ էին, այս երկու շաբաթներն ահազանգում են, որ հայաստանյան հիասթափված հանրության սպասումներում անհանգստացնող լարվածություն կա: «Զինված խմբի կողմից զենքերը վայր դնելու որոշումը կարող է ի վերջո ավելացնել հասարակության համակրանքը «Սասնա Ծռեր»-ի նկատմամբ», - ասված է հրապարակման մեջ:
Անդրադառնալով այս միջադեպի հիմքում ընկած պատճառներին՝ հոդվածում նշվում է՝ «2008-ին իշխանության գալով՝ Սերժ Սարգսյանը ժառանգեց օլիգարխների աջակցությունը վայելող մի համակարգ, որի պայմաններում նրանք, ըստ էության, վերահսկում են տնտեսության ցանկացած բնագավառ: Նրա իշխանավարումը մեկնարկեց առավել բռնապետական միջավայրում՝ այդ տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից հետո սկսված զանգվածային ցույցերի ու մարտի 1-ի 10 սպանություններից հետո: Թեև 2013-ի ընտրություններն այդօրինակ բռնությունների չհանգեցրին, սակայն, լուրջ ընտրախախտումներն ու կոռուպցիայի վերաբերյալ համատարած բողոքներն էլ ավելի հիասթափեցրին հասարակությանը:
Վերջին տարիներին երկրում արձանագրվեց քաղաքացիական ակտիվիզմի աննախադեպ մակարդակ, ու թեև հանրահավաքներից ու նստացույցերից որևէ մեկը բռնություն չէր քարոզում, և մասնակիցներից քչերն էին իշխանական համակարգի էական փոփոխության կոչ անում, վարչակազմը դրանց էլ արձագանքեց մեծաթիվ ոստիկաններ կուտակելով ու ցուցարարներին կոպտորեն ցրելով»:
«Իշխանությունը, որը սահմանափակվեց միայն զինյալներին ահաբեկիչ որակելով ու նրանց աջակիցներին ճնշելով, այդպես էլ չըմբռնեց ոչ այնքան հաճելի իրականությունը, որ Հայաստանի հասարակությունը սատարում է զինյալների խորքային պահանջների ու բողոքների մեծ մասը: Մինչ հուլիսի 17-ը շատերը բռնությունները հավանական գործիք չէին համարում ընդդիմադիրների ձեռքում:
Սակայն, հասարակության անսպասելի դրական արձագանքը ոստիկանության գնդի գրավմանը փոխեց այն ըմբռնումը, թե ինչն է թույլատրելի հակակառավարական ըմբոստության ժամանակ։ Եվ սա նոր ու վտանգավոր իրականություն է Հայաստանի քաղաքական դաշտում, եթե հաշվի առնենք Հայաստանի իշխանությունների ակնհայտ հավատարմությունն անգամ խաղաղ ցույցերին անհամաչափ ուժով արձագանքելու գործելաոճին», - արձանագրում է հեղինակավոր կազմակերպության հրապարակված հոդվածը:



Читайте также

Оставить комментарий