ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԲ-Ն ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄ, ԲԱՐՁՐ ԳՆԱՃ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Արդյունաբերության անկում, դրամական փոխանցումների նվազում, բարձր գնաճ։ Սա Հայաստանի կենտրոնական բանկի կանխատեսումն է առաջիկա ամիսների համար։
Վերլուծելով վերջին զարգացումները՝ Հայաստանի գլխավոր դրամատունը փաստել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի նկատմամբ օրեցօր խստացվող պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա զգալի բացասական ազդեցություն կունենան։
«Առաջիկա եռամսյակներում սպասվում է բարձր գնաճային միջավայրի պահպանում», - փաստում է Կետրոնական բանկն իր վերջին հաշվետվության մեջ՝ հավելելով, որ թանկացումները կշարունակվեն նաև տարվա մյուս ամիսներին։
Դա սպառողներից շատերը վաղուց են զգացել, հատկապես սննդամթերքի խանութներում։
«Խայտառակ վիճակում ա հիմա մեր երկիրը, բոլոր ընտանիքներն էլ նույն վիճակում են», - ասաց մի կին։
«Շատ վատ ա... Թոշակառուին ո՞նց կըլնի։ Գնալով վատանում ա, օրեցօր վատանում ա», - բողոքեց մի թոշակառու։
Թանկացումներից բացի, ԿԲ-ն կանխատեսում է նաև տնտեսության վրա բացասական ազդեցության այլ գործոններ
Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով հայկական ապրանքների արտահանումը կնվազի, արտերկրից ուղարկվող դրամական փոխանցումները 20 տոկոսով կկրճատվեն։ Հայաստանի աշխատաշուկան նույնպես կտուժի ՝ աշխատավարձերի էական աճ չի կանխատեսվում։
Խնդրահարույց է նաև արդյունաբերության ոլորտը, որտեղ մեծ ներգրավվածություն ունեն կա՛մ ռուսական կապիտալով, կա'մ ռուսական շուկայի հետ աշխատող ընկերությունները։ ВТБ բանկի կողմից շահագործվող թեղուտի հանքավայրը, օրինակ, ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, կոնյակ ու գինի արտահանող ընկերություններն էլ չգիտեն այս տարի ինչպես և ուր կտանեն իրենց արտադրանքը։
«Սա սակայն դեռ ամբողջը չէ», - ասում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը։
«Փոխարժեքի ազդեցություններն էր առաջինը, որ կարելի է նշել։ Մնացած ազդեցություններն արդեն իրական տնտեսական գործունեության առումով ևս դրսևորվել են։ Ռուսաստանի Դաշնության տնտեսություն եղած այս ընդհանուր անորոշությունների և մնացած գործընթացների հետ կապված՝ մեր արտահանողն էլ որոշակի խնդիրների բախվում է։ Գուցե ներմուծումների առումով որոշակի դժվարություններ առաջանան։ Կարելի է ասել, որ եթե ընդհանուր նայենք, բացասական ազդեցությունները դեռ իրենց ամբողջական դրսևորման պահին չեն հասել»։
/azatutyun.am/


Читайте также

Оставить комментарий