Օսկան Քոչարյան. «ԳԱԱ. վաճառել չի կարելի պահել»
Ուսանողները դասադուլ են անում, կրթության ֆինանսավորումը կրճատվում է, գիտության ոլորտի մասնագետների մեծ արտահոսք կա: Եվ այս տագնապալի իրավիճակի ֆոնին այսօր ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` անդրադառնալով կրթության ֆինանսավորման կրճատմանը, հայտարարեց, թե համառ են լուրերը, որ Գիտությունների ակադեմիայի շենքը վաճառվելու է, իսկ նրա տեղում հյուրանոց է լինելու: «Փաստորեն, ոչ միայն գիտությունը չի ֆինանսավորվում, այլեւ ավելորդ են համարում գիտության գոյությունը, և կարծիք կա, որ ԳԱԱ շենքը վաճառվելու է… Հարցս վարչապետը անպատասխան թողեց: Եթե դա իրոք իրականություն դառնա, կլինի մեր վերջին ողբերգությունը: Ի դեպ, այդ հարցը ցույց է տալիս գործող իշխանության ռազմավարությունը»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հաշվի առնելով նախկին դառը փորձը, ԳԱԱ-ի շենքի վաճառքի հնարավորությունն այնքան էլ անհավանական չէ, հատկապես որ այս հարցում շահագրգռված կողմերը կարող են ավելի ուժեղ գտնվել, քան նրանք, ովքեր դեմ պիտի արտահայտվեն այդ անհեռատես ու հանցավոր գործարքին: Բայց եկեք նաև չմոռանանք, թե ակադեմիայի շահերը պաշտպանելու կոչված առաջին դեմքերն ինչպիսի վերաբերմունք ունեն գիտության ու այս երկրի ապագայի հանդեպ: Բավական է միայն վերհիշել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտնի արտահայտությունն այն մասին, որ Հայաստանը քոսոտ երկիր է: Ու քանի որ ակադեմիկոսի պատկերացումներն այդ մակարդակի վրա են, ապա նրա համար մի բարձրակարգ հյուրանոցը ավելի մեծ գին կունենա, քան գիտությունների ակադեմիան` իր ողջ կենսագրությամբ ու անձնակազմով հանդերձ:
Սակայն բանն այն է, որ ակադեմիայի շենքի վաճառքն իրոք պետքական քայլ է, եթե այն չի արվում մի քանի տասնյակ միլիոն յուրացնելու, այլ արվում է ողջամտության հաստատման համար: Բանն այն է, որ Խխորհրդային Միությունից այս պետությունը ժառանգեց ստեղծագործական միություններ և գիտությունների ակադեմիա, որոնք այն տարիներին ինչ-որ բան անում էին, լինելով հասարակական կազմակերպություններ: Իսկ այսօր դրանք վերածվել են առևտրային դուքանների. այդ հաստատությունների ողջ անշարժ գույքը այժմ փաստացի դարձել է միությունների նախագահների սեփականությունը: Եվ հարց է առաջանում. եթե գիտությունների ակադեմիան գիտական արտադրանք փաստացի չի տալիս, փոխարենը պետությունից գումարներ է ստանում չգիտես թե ինչի դիմաց (սա արտառոց դեպք է աշխարհում, երբ մարդուն վճարում են միայն այն բանի համար, որ նա ակադեմիկոս է, էլ չենք խոսում այդ ակադեմիկոսների այլ ծախսերի մասին` գրասենյակային, նյութատեխնիկական, տնտեսական և այլն, որոնք հոգում է պետությունը), ապա ինչո՞ւ չօտարվեն ակադեմիային պատկանող բոլոր շենքերը, բացի գիտահետազոտական ինստիտուտներից, որոնք գոնե ինչ-որ մի բան անում են: Այնպես որ պրն Բագրատյանին և այլ ընդդիմադիրներին ակադեմիայի շենքի վաճառքի հարցը պետք է քննել հենց այս պրիզմայով և գտնել մեր խորագրի ստորակետի ճիշտ տեղը: