Լևոն Տեր-Պետրոսյան. «ԼՂ հակամարտության կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը գոյություն չունի»
Դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը, որն այս կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական բազում ավերներ է գործել Հայաստանում և Ղարաբաղում։ Դա նշանակում է առնվազն ևս 18 տարի ենթարկվել այդ ավերներին, մինչև Հայաստանից ու Ղարաբաղից բան չմնա, և խնդիրն ինքնըստինքյան կորցնի իր ակտուալությունը։
Այս մասին ՀԱԿ համագումարում իր ելույթում ասել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Պարզվում է, սակայն, որ այս տարրական ճշմարտու-թյունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։ Իրականում խնդիրը մեկն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։
Արդի աշխարհում նվաճողի միջնադարյան իրավունքն ու ջունգլիների օրենքն այլևս չեն գործում, և հակամարտությունների կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի։ Բանկօտտոմանյան կամ ոչմիթիզական մտածողություն ունեցող մեր անզիջողականների կողմից շատ սիրված Իսրայելի օրինակը նույնպես դա է ապացուցում։ Քեմփ-Դեվիդյան հաշտությունը կայացնելու համար վերջինս Եգիպտոսին վերադարձրեց շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր զբաղեցնող Սինայի թերակղզին, իսկ Պաղեստինի Ազատագրության կազմակերպության կողմից իր պետությունը ճանաչելու դիմաց լիակատար ինքնավարություն շնորհեց արաբական Պաղեստինին, պատրաստ լինելով, որոշ խնդիրների լուծումից հետո, ճանաչել նաև նրա անկախությունը։ Դրանք դժվարին, ցավոտ փոխզիջումներ էին, հանուն որոնց կայացման Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը և Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինը նույնիսկ կյանքով հատուցեցին։ Այնպես որ, եթե անհրաժեշտություն կա անպայման օրինակ վերցնելու Իսրայելից, ապա պետք է վերցնել ոչ թե «ազգ-բանակի», այլ «խաղաղություն այժմ (Peace now)» շարժման օրինակը։ Հակամարտությունների փոխզիջումային կարգավորման կանոնը «թույլատրված է» խախտել միայն գերտերություններին։ Այդ բանը չգիտակցող Սադդամ Հուսեյնը, զավթելով Քուվեյթը, կործանեց թե՛ իրեն, թե՛ իր երկիրը։
«Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապացուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ։ Կարիք չկա նաև բացատրելու, թե ինչպիսի ողբերգական հետևանքներ են ունենում պատերազմները։ Ոչ իսկ բուն պատերազմը, այլև նրա սպառնալիքն անգամ հղի է այդպիսի հետևանք-ներով, որոնցից ամենացցունը զանգվածային արտագաղթն է։ Հայաստանը բնակչութչունից դատարկվում է ոչ այնքան սոցիալական ծանր պայմանների, աղքատության, արդարության բացակայության և կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տևական վտանգի պատճառով։ Սա միայն մեզ հատուկ երևույթ չէ, և այդ առթիվ ամենևին չպետք է բարդույթավորվել։ Մեր աչքի առջև, վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում, պատերազմի կամ դրա սպառնալիքի պատճառով միլիոնավոր մարդիկ են արտագաղթել նաև... մի շարք այլ երկրներից»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։