Իլհամ Ալիև. «Ի՞նչ կարիք կար սադրանքների դիմել անմիջապես Փարիզի դրական հանդիպումից հետո»
«Ռոսսիայա-24» Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության տեղեկատվական հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է Ադրբեջանի հախագահի հետ հեռուստազրույցը, որի ժամանակ բարձրացվել են տարբեր թեմաներ: Իլհամ Ալիևը պատասխանել է՝ ռուս-ադրբեջանական համագործակցության, Ադրբեջանի տնտեսության, ղարաբաղյան հակամարտության, երկրում մուլտի կուլտուրիզմի և 2015 թվականին Բաքվում առաջին Եվրոպական խաղերի կազմակերպման հետ կապված հարցերին:
Հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի զարգացման գլխավոր հարցերը կապված են տարածաշրջանային զարգացման հետ: Երկիրը դիվերսիֆիկացնում է ներդրումները՝ միջոցներ ներդնելով Ասիայում, Եվրոպայում: Ադրբեջանը ձեռք է բերել ռուսական ВТБ-ի բաժնետոմսերը և ներդրումներ է կատարելու ռուսական շուկայում, չնայած բոլոր պատժամիջոցներին, ընդգծել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ Ռուսաստանը մնում է Ադրբեջանի բարեկամը և գործընկերը:
«Ռուսա-ադրբեջանական համագործակցությունը զարգանում է լիարժեք ձևով: Մեր միջև չկան չլուծված հարցեր: Այսօր Ադրբեջանը և Ռուսաստանը երկու հարևան երկրներ են, որոնք ակտիվորեն զարգանում են և պատրաստ են դիմադրել ցանկացած արտաքին գործողություններին: Մենք լավ ներուժ ունենք նավթագազային, տրանսպորտային ոլորտում: Այս տարի այդ ոլորտում պայմանագրեր են ստորագրվել, որոնք պետք է որոշեն հարաբերությունների առավել դինամիկ զարգացումը: Մենք հետաքրքրված ենք Հյուսիս-Հարավ միջանցքի աշխատանքով, ավելացնում ենք ռուսական շուկաներ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ներուժը: Լավ հեռանկարներ կան զբոսաշրջության ոլորտում, չկա լեզվային արգելք: Եվ իհարկե մշակույթն ու կրթությունը դրանք մեր փոխհարաբերությունների հիմքն է»:
Պետության ղեկավարը հիշեցրել է՝ այսօր աշխարհին ու տարածաշրջանային կայունությանն սպառնացող ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշումը: Իլհամ Ալիևի խոսքով, այս տարի բանակցությունները ուժեղացվել են համանախագահ երկրների վստահության միջոցների ամրապնդման ձգտումներով, որպեսզի հնարավորինս քիչ միջադեպեր գրանցվեն շփման գծում:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը չի ցանկանում առաջընթաց այդ հարցում՝ փորձելով պահպանել ստատուս-քվոն, սակայն ստատուս-քվոն պետք է փոխվի, որը նշանակում է Հայաստանի զինված ուժերի դուրս բերումը ադրբեջանական տարածքներից: Գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի տարածքից Հայաստանի զինված ուժերի անհապաղ դուրս բերումը պահանջող ՄԱԿ-ի 4 բանաձևերը, սակայն դրանք անտեսվում են Հայաստանի կողմից: Այս տարին տարբերվում է մյուսներից, քանզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են ակտիվորեն մասնակցել բանակցային գործընթացին, ինչը չէր զգացվում ավելի վաղ: Երկու կողմերը համաձայնվել են փարիզյան հանդիպման արդյունքների վերաբերյալ: Սակայն ընդամենը 2 շաբաթ հետո Հայաստանը սկսել է մեր տարածքի օկուպացված մասում անցկացնել այսպես կոչված ռազմական զորավարժություններ: Ընդ որում նրանք այդ զորավարժություններն անցկացրել են ոչ թե Հայաստանում, նույնիսկ ոչ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններում, այլ Ադրբեջանի Աղդամի շրջանի տարածքում, շփման գծի երկայնքով: Նրանց տվյալներով, այնտեղ մասնակցել են 47 հազար զինծառայողներ և հազար անուն տեխնիկա: Հարց է առաջանում, ի՞նչ անհրաժեշտություն կար անմիջապես Փարիզի դրական հանդիպումից հետո սադրանք կատարելու»:
Վերջին տարիներին Ադրբեջանը հաստատվել է միջազգային ասպարեզում, որպես տարբեր մշակույթների միջև երկխոսության զարգացմանը հսկայական ավանդ ներդնող հուսալի գործընկեր: Ադրբեջանում մուլտիկուլտուրիզմի ավանդույթները միշտ եղել են, ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք պատրաստվում ենք առաջին Եվրոպական խաղերին, դրա ինչպիսի մակարդակով անցկացնելուց է կախված լինելու այդ խաղերի ապագան: Մենք որոշել ենք խաղերն անցկացնել Ամառային Օլիմպիական խաղերի մակարդակով: Այդ խաղերը կլինեն մասշտաբային, մենք սպասում ենք ավելի քան 6 հազար մարզիկների մասնակցությունը, որոնք կմրցեն 20 մարզաձևերում: Նախապատրաստման ժամկետը կարճ է, սակայն մենք աշխատում ենք առանց ժամանակ կորցնելու, կառուցվում են մարզական օբյեկտներ, ստեղծվում են տրանսպորտային ենթակառույցներ: Քաղաքն ապրում է այդ խաղերի ակնկալիքներով: Եվ դա շատ խելացի որոշում է՝ մուլտիկուլտուրիզմի, քաղաքակրթության ու մշակույթների փոխադարձ ներթափանցման պլանում առաջին Եվրոպական խաղերն անցկացնել մահմեդական երկրում: Իսկ 2017 թվականին Բաքուն կընդունի Իսլամական համերաշխության խաղերը: Այսինքն երկու տարվա ընթացքում Ադրբեջանը կընդունի և Եվրոպային և իսլամական աշխարհը, իսկ ընթացքում ֆորմուլա-1-ը»:
Վերջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգտվելով առիթից, ռուսաստանցիներին հրավիրել է ժամանել Եվրոպական խաղեր և դառնալ Ադրբեջանում տոնի մասնակիցներ: