Բաքուն և Անկարան կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում.
Բաքվում այսօր ավարտվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությանը նվիրված երկօրյա նիստը։ Независимая газета-ն անդրադարձել է թուրք և ադրբեջանցի զինվորականների հանդիպմանն ու երկու երկրների ռազմական համագործակցության ապագային։
Նիստի ընթացքում քննարկվում են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությանն ու կադրերի պատրաստմանն առնչվող հարցեր։
Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի հանդիպումները սկսվել են 2007թ.-ից։ Մինչ այդ համագործակցությունը երկրների միջև իրականացվել է պայմանագրային հիմքով, որը ներառում էր ռազմական կրթություն, ռազմական օգնություն, զենքի և զինամթերիք մատակարարում, համատեղ զենքի ստեղծում։ Ճիշտ է՝ որոշ փորձագետներ կարծում են, որ այդ համագործակցությունը դեռ չի հասել գագաթնակետին։
Վերլուծաբան Հաթամ Ջաբբարլըի խոսքով՝ չնայած սերտ համագործակցությանը, առ այսօր չի ստորագրվել պաշտպանության ոլորտում լայնամասշտաբ համաձայնագիր, ինչը կարելի է գնահատել որպես ռազմավարական լուրջ թերացում երկու երկրների համար։
Փորձագետի խոսքով, եթե ռազմական երկխոսությունը Բաքվի և Անկարայի միջև հասնի փաստաթղթի ստորագրման, ինչպիսին, օրինակ, ՀԱՊԿ համաձայնագիրն է, որը Ռուսաստանն ու Հայաստանն ընդունել են 1995թ.-ին, մեծ կլինի հավանականությունը, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը կփոխվի։
Արդարության համար պետք է նշել, որ 2010թ.-ի օգոստոսի 16-ին կնքվել է «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը։
Ջաբբարլըն, սակայն, կարծում է, որ դա բավարար չէ այնպիսի ոլորտների համար, ինչպիսին պաշտպանությունն ու անվտանգությունն են։
Այժմ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը զարգանում է միայն ռազմական արդյունաբերության, հետախուզության, համատեղ զորավարժությունների և տեխնոլոգիաների համատեղ արտադրության ուղղությամբ։
Թուրքիան, Ռուսաստանից և Իսրայելից հետո, Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներից է։
Օրինակ՝ հաջորդ տարի Անկարան կսկսի Ադրբեջանին նոր զինատեսակներ մատակարարել, գրում է թերթը։