ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՆԱԵՎ ԻՋԵՎԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ. ՎԱՐՉԱՊԵՏ
Հայաստանը քննարկում է նաև Իջևանն Ադրբեջանի երկաթուղուն միացնելու հարցը, Կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ապաշրջափակման համատեքստում գործնականում չկա այդպիսի ճանապարհ կամ երկաթուղի, որի բացման կամ վերաբացման հարցը չքննարկվի», - ասաց վարչապետը։
Փաշինյանը միևնույն ժամանակ հայտնեց, որ սողանքների հետևանքով երկաթուղու Հաղարծնի հատվածը «ընդհատված» է։ Ըստ վարչապետի, սակայն, դա լուծելի խնդիր է։
«Եթե այդ երկաթուղին բեռնվածության պոտենցիալ ի ցույց դնի, շահութաբերության հեռանկար ունենա, դա կարող է տեղի ունենալ», - ընդգծեց վարչապետը:
Փաշինյանը հայտնեց նաև, թե ուսումնասիրությունների համաձայն՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ կապող ամենակարճ ճանապարհը հենց Իջևանով է։

