ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՄԻ ՕՐ ՄԵՆՔ ԴՐԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՀԱՍՏԱՏԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Ամբողջ աշխարհն ընդունեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները:
Այս մասին, մասնավորապես, ասել է Ադրբըջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում։
«Կարծում եմ, որ պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացները ևս մեկ անգամ ողջ աշխարհին ապացուցեցին, որ մենք իրավացի ենք։ Սա շատ կարևոր է, քանի որ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ մեր հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցին։ Բայց այդ անհիմն մեղադրանքներից և ոչ մեկը իրական հաստատում չի ստացել, և հետպատերազմյան շրջանը դա ևս մեկ անգամ ցույց տվեց։ Ուստի կարծում եմ, որ ռազմական և հետպատերազմյան իրողությունների ընդունման հասնելը՝ քաղաքական տեսանկյունից կարելի է համարել շատ կարևոր իրադարձություն։
Ինչ վերաբերում է միջազգային ասպարեզում գործունեությանը, ապա պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները հարևան պետությունների հետ հաջողությամբ զարգացել են։ Այս կապերն ավանդաբար կառուցված են բարեկամության և համագործակցության վրա։ Թուրքիայի հետ Շուշայի հռչակագրի ստորագրումով թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարձրացել են դաշնակցային մակարդակի, թեև դրանք իրականում դաշնակցային էին։
Սակայն դա արդեն պաշտոնապես հաստատվել է, և Շուշա քաղաքում այս հռչակագրի ստորագրումն առանձնահատուկ նշանակություն ուներ։
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Վստահ եմ, որ առաջիկա ժամանակահատվածում մեր կապերը Ռուսաստանի հետ նույնպես պաշտոնապես կբարձրանան էլ ավելի բարձր մակարդակի։
Մշտական շփումների, կարծիքների փոխանակման պայմաններում մեր բարեկամական և գործընկերային հարաբերությունները էլ ավելի են զարգացել մյուս հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ։ Տարածաշրջանում արդեն ձևավորվում է բազմակողմ համագործակցության հարթակ, և դա, իհարկե, համապատասխանում է մեր շահերին։
Հարևանների մասին խոսելիս, ես բնականաբար, Հայաստանը երբեք չեմ դասել այս կատեգորիայի երկրների շարքին։ Եվ այսօր էլ, առայժմ այդպես է: Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ մի օր մենք Հայաստանի հետ կունենանք դրացիական հարաբերություններ։ Ընդունելով Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները՝ Հայաստանը նույնպես կարող է մեծացնել իր դերը տարածաշրջանային շրջանակներում։ Ամեն դեպքում, նոյեմբերին և դեկտեմբերին Սոչիում և Բրյուսելում կայացած հանդիպումները հուսադրող են, և ես հուսով եմ, որ 2022 թվականին այս հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները իրենց արտացոլումը կգտնեն իրական կյանքում»,- ասել է պետության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий