Ադրբեջանի նախագահը չի բացառել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, հայ գերիների վերադարձի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:
Իլհամ Ալիևը Հայաստանին և Ղարաբաղին վերաբերվող թեմաներից խոսել է փետրվարի 26-ին արտասահմանյան լրագրողների համար հրավիրված ասուլիսում:
Անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին` Ալիևը նշել է, որ դրանք Հայաստանի ներքին գործն են:
«Հայաստանում հիմա ճգնաժամային իրավիճակ է: Ես չէի ցանկանա մեկնաբանություններ տալ ներքին գործընթացների վերաբերյալ։ Մենք երբեք չենք միջամտում այլ երկրների ներքին գործերին, առավել եւս նման զգայուն պահի: Սակայն Ղարաբաղի պատերազմից հետո արդյունքները մնում են անփոփոխ, և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը պահպանվում է ու պետք է կատարվի», – ասել է Ալիևը՝ հավելելով, որ եռակողմ հայտարարության մեծ մասն արդեն կատարված է, սակայն կան որոշ կետեր, որոնք ներկայում քննարկման առարկա են:
Նա հույս է հայտնել, որ Հայաստանը, չնայած ներքին իրավիճակին, կկատարի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պարտավորությունները:
Ալիևը նաև չի բացառել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները:
Խոսելով հայ գերիների վերադարձի խնդրի մասին` Ալիևն ասել է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր գերիներին:
«Մենք նրանց վերադարձրել ենք բոլոր գերիներին և զոհված զինվորների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվել է ավելի քան 1000 մարմին», – ասել է նա ՝ հավելելով, որ «Ադրբեջանում են գտնվում միայն դիվերսանտները»:
Մամուլի ասուլիսի ընթացքում Ալիևը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա օրակարգից: ԼՂ հակամարտությունն ավարտված է, և Բաքուն լուծել է այդ հարցը:
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ հայկական կողմը Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզ չի տվել:


Читайте также

Оставить комментарий