Բաքու-Թբիլիսի-Կարս․ Հայաստանի ռեգիոնալ մեկուսացման նոր մարտահրավերը

irevanaz.comԱդրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքու կմեկնի հոկտեմբերի 30-31-ը՝ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը: Նրանց կմիանա նաև Վրաստանի վարչապետ Գևորգիի Կվիրիկաշվիլին:
Արարողությանը մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետր երկարությամբ այդ երկաթուղու շինարարությունը սկսվել է ուղիղ 10 տարի առաջ՝ երեք երկրների (Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա) նախաձեռնությամբ: Առնվազն Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ այս նախագիծն իր համար` տնտեսականից զատ, ունի ահռելի քաղաքական նշանակություն և միտված է Հայաստանի մեկուսացման խորացմանը: Բաքվում հայտարարում են, որ Հայաստանը նախագծին մասնակցել չի կարող, քանի կարգավորված չէ ԼՂ խնդիրը:
Հայաստանի քաղաքականությունն այս հարցում կառուցված էր ոչ թե պրագմատիզմի, այլ հույսերի վրա, որ խանգարող հանգամանքները թույլ չեն տա իրականություն դարձնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Մեր պաշտոնյաները մերթ հիմնավորում էին նախագծի տնտեսական աննպատակահարմարությունը, այլ պարագայում հույսեր էին տածում, որ Միխայիլ Սաակաշվիլիի իշխանությանը փոխարինած վրացական նոր կառավարության համար Բաքու-Թբիլիսի-Կարսն առաջնահերթություն չէ:
Երևանում ակնհայտորեն սխալվել են, որովհետև այս դեպքում գերագնահատել են հայ-վրացական հարաբերությունների ազդեցությունը, մանավանդ, որ դրանք` բարեկամական լինելով հանդերձ, մեծ հաշվով` զուրկ են բովանդակությունից, քաղաքական նախաձեռնություններից:
Մյուս կողմից` Ադրբեջանը վերջին տարիներին ապացուցել է, որ պատրաստ է անգամ տնտեսական կորուստների գնով իրականություն դարձնել նախագծեր, որոնք միտված են Հայաստանի մեկուսացմանը, տարածաշրջանային դիրքերի թուլացմանը, ԼՂ հարցում ստատուս-քվոյի փոփոխությանը:
Հայաստանը հայտնվում է տարածաշրջանային ինտեգրացիայի լուսանցքում և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին դրա առանցքային դրսևորումներից մեկն է: Հայաստանի համար ոչ բարենպաստ այս կոնյուկտուրան, մեծ հաշվով, Երևանի ինքնուրույն և ինքնաբավ արտաքին քաղաքականության բացակայության հետևանք է:
Հայաստանը միակողմանի կախվածության մեջ է Մոսկվայից, ինչը հանգեցրել է մեր երկրի սուբյեկտության փոշիացմանը և արտաքին քաղաքականության պոտենցիալի մսխմանը: Մինչ Թեհրանից հնչում են Երևանին ուղղված համագործակցության տարբեր առաջարկներ` երկկողմ և տարածաշրջանային համագործակցության մակարդակներում, Հայաստանի քաղաքականությունն ակնհայտորեն կաշկանդված է ռուսական գործոնով:
Իսկ ահա Ադրբեջանն ինտենսիվորեն օգտագործում է նաև իրանական ուղղությունը` Հայաստանի քաղաքական և տնտեսական մեկուսացումը խորացնելու նպատակով: Մի քանի օրից Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների երկրորդ գագաթաժողովը, իսկ եռակողմ համագործակցության շրջանակներում շուտով կյանքի է կոչվելու Իրան – Ադրբեջան երկաթուղային կամուրջը, որն, ի դեպ, ավելի է ընդգծելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու քաղաքական, տնտեսական նշանակությունը:
Պետք չէ հիմա էլ պատրանքներ ունենալ, որ Իրանը ավելի գերադասելի է համարում տարածաշրջանային նախագծերում գործ ունենալ ոչ թե Ադրբեջանի, այլ` Հայաստանի հետ: Եթե նույնիսկ դա այդպես է, Իրանը չի կարող անվերջ սպասել Հայաստանի հանդիպակաց նախաձեռնություններին: Եթե տարածաշրջանային գործընթացները դիտարկենք ավելի գլոբալ հարթության վրա, ապա ակնհայտ է, որ ԼՂ հարցում ստատուս-քվոյի պահպանման Երևանի քաղաքականությունն, ըստ էության, անհեռանկարային է և հանգեցնում է մեր երկրի մեկուսացմանն ու ժողովրդագրական վտանգավոր կոնյուկտուրայի ստեղծմանը Հայաստանի ներսում:
Սակայն Հայաստանի գործող իշխանության որակը քաղաքականության վերանայումների հույսեր չի ծնում ոչ հայ-ռուսական հարաբերություններում և ոչ էլ` ԼՂ հարցում: Ու այս ֆոնին Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումն ավելի իրական է դառնում:
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի



Читайте также

Оставить комментарий